Մենք որեւէ ձեւաչափով չենք համագործակցի իշխանությունների, Հայաստանում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, դա մեզ համար կարմիր գիծ է։ Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետի թեկնածու («Ապրելու երկիր» կուսակցությունից) Մանե Թանդիլյանը։

Նրա համոզմամբ՝ իշխանությունները ավերածություն են բերում Երեւանում եւ ընդհանրապես Հայաստանում։ Նա հայտարարել է Երեւանում, այլ համայնքներում եւ ողջ Հայաստանում իշխանության որակական փոփոխություն իրականացնելու մտադրության մասին։ Թանդիլյանը գալիք ընտրություններն անվանել է ամենակարեւորը քաղաքի պատմության մեջ։ Նրա համոզմամբ՝ կան իշխանություններին հաղթելու շանսեր։ Նա նշել է, որ դրա համար կարեւոր է յուրաքանչյուր ձայն, իսկ անբավարար մասնակցությունն ընտրություններին իշխանության վերարտադրություն կապահովի։ «Իշխանություններն ակտիվորեն օգտագործում են վարչական ռեսուրսը։ Պատգամավորները զանգահարում են համայնքապետերին, որպեսզի նրանք մարդկանց իրենց հարկավոր տեղերն ուղարկեն։ Բայց դա ազդեցություն կունենա 10-12 տոկոսի չափով, ոչ ավելի։ Բայց դա նրանց չի փրկի։ Նրանք վերջին ջանքերն են գործադրում՝ զգալով իրենց մոտալուտ վերջը»,- ընդգծել է քաղաքապետի թեկնածուն։

Թանդիլյանի գնահատմամբ՝ դրան զուգահեռ, իշխանություններն իր դեմ կեղտոտ հակաքարոզչություն են վարում։ «Երբ կառավարող կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական արշավի ժամանակ խոստանում է աջակցություն ցուցաբերել, դա խոստում է ուղիղ ֆինանսական օգնություն ցուցաբերելու տեսքով, երբ նա խոսում է երեւանցիների պարտքերը ներելու մասին, դա եւս խոստում է ուղիղ ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին»,- նշել է «Ապրելու երկրի» թեկնածուն։ Նա հավաստիացրել է, որ իր գլխավորած կուսակցությունը ընտրակաշառքով չի զբաղվում։

Կուսակցության ղեկավարը վստահություն է հայտնել, որ կստանա երեւանցիների աջակցությունը ծրագրերի եւ նպատակների իրականացման համար։ «Մասնավորապես, մենք հինգ տարվա ընթացքում նախատեսում ենք իրականացնել 600 մլն դոլարի ծրագրեր։ Ներկայացված բոլոր ծրագրերը, այդ թվում ճոպանուղու կառուցումը, իրատեսական են։ Նրանք, ովքեր փորձում են բնակչությանը հակառակը համոզել, դա անում են՝ ելնելով սեփական անզորությունից։ Իշխանությունների ծրագրերում նույնպես եղել է ճոպանուղու կառուցման նախագիծ։ Ստացվում է, որ նրանք իրենց ծրագրերում հեքիաթնե՞ր են գրում, ինչպես հիմա դա անվանում են։ Հայաստանի իշխանությունների դեպքում դա տարօրինակ էլ չէ, քանի որ նրանց 2021թ. նախընտրական խոստումները  հեքիաթներ էին»,- ասել է Մանե Թանդիլյանը։