Հայաստանը պետք է ներդնի կինոարտադրության պետական ​​ֆինանսավորման մեխանիզմներ կամ բարելավի գոյություն ունեցողը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր, «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության հեղինակ Թագուհի Ղազարյանը:

Իր հերթին նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Գարնանային նստաշրջանում  առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը ենթադրում  է կինոարտադրության ոլորտին պետական ֆինանսավորման մեխանիզմների որոշակի ներդրում կամ առկա մեխանիզմի բարելավում: Եթե ավելի պարզ  նկարագրեմ, խոսքը  Հայաստանում ֆիլմարտադրության դեպքում որոշակի գումարի վերադարձին է վերաբերում:»:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով, առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունը մի շարք առաջարկներ էր ներկայացրել, որոնք հեղինակներն ընդունել են: Առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հեղինակները գումարի վերադարձն առաջարկել էին սահմանել 20 տոկոսի չափով, ինչը վերանայել էին՝ առաջարկելով ամրագրել 10-40 տոկոս:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը լրամշակված նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ գործադիրի ներկայացրած շուրջ 15 առաջարկներն ընդունվել են:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: