Շատ բակեր, պոտենցյալ ճեմուղիներ, որոնք ցանկապատված էին եւ ինչ-որ մեկի բոստան էին դարձել, մաքրել ենք եւ այս առումով ամենաշատ աշխատանքը հենց Նոր Նորքում ենք արել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ, քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանը:

«Նոր Նորքում ունենք նաեւ առաջին փորձարկված ավտոբուսային գիծը, որը, վստահաբար, շատ խնդիրներ է ստեղծում շատ վարորդների համար, բայց շատ կարեւոր է հասկանալ, որ հանրային տրանսպորտին պետք է տանք առաջնահերթություն: Այս փորձարկման արդյունքներով շատ խնդիրներ վեր ենք հանել եւ դրանք հաջորդ տարիներին լուծելու ենք:

Սա փորձնական, 1-2 կտորով արված ծրագիր է, որը ամբողջ Երեւանում տարածվելու է ամբողջական տարածքով եւ ավտոբուսային գծեր տեսնելու ենք քաղաքի շատ փողոցներում: Դա անհրաժեշտություն է»,-ասաց նա: