Հայաստանում աշակերտների շրջանում մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ հիմնականում չեն իրականացվում. դեռահասները մասնագիտությունն ընտրում են անկախ իրենց նախասիրություններից եւ աշխատաշուկայի պահանջարկից, հաճախ էլ պարզապես ընդառաջելով ծնողների ցանկություններին: Այս մասին նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմոնորոշման կենտրոնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը:
Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մշակվել է «Կարիերան ավելին է, քան զուտ աշխատանք» ձեռնարկը, որի նպատակն է ներկայացնել մասնագիտական կողմնորոշման համակարգի մասնագետների գործունեության հնարավորությունները երիտասարդներին ապագա մասնագիտության ընտրության ուղղորդման հարցում: Ձեռնարկի հեղինակը Երիտասարդների մասնագիտական կողմոնորոշման կենտրոնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գեւորգյանն է:
Ձեռնարկում ներկայացված է համակարգի տեսությունն ու Հայաստանում գործարկման հնարավորությունները, Միացյալ Թագավորության փորձն այս ոլորտում ու ծառայությունների նկարագիրը: Մասնագիտական կողմնորոշումը Միացյալ Թագավորության կրթական ոլորտի անբաժանելի բաղկացուցիչն է: 2010 թվականին ՄԹ-ի նորընտիր կառավարությունն իր գործունեության առաջին օրերին բարձրաձայնեց մասնագիտական կողմնորոշման կարեւորության մասին: Մեծ Բրիտանիայում բազմաթիվ գործակալություններ տրամադրում են տեղեկատվություն, խորհրդատվություն եւ կողմնորոշման հնարավորություն երիտասարդներին եւ չափահասներին:
«Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհուրդն իրականացրել է մասնագիտական կողմնորոշման ոլորտի մասնագետների վերապատրաստում, աշխատաժողովներ եւ սեմինարներ: «Կարիերան ավելին է, քան զուտ աշխատանք» ձեռնարկը կտրամադրվի շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին: Ձեռնարկը հնարավոր է ներբեռնել Բրիտանական խորհրդի կայքից:




























