Հայաստանի նախագահի նստավայրի մոտ, այսօր` հոկտեմբերի 14-ին, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, ինչպես նաեւ «Բանակն իրականում» խմբի ակտիվիստները, բողոքի ակցիա են անցկացնում:

Ցուցարարների շարքում կան բազմաթիվ ծնողներ, ում տղաները բանակից այդպես էլ տուն չեն դարձել: Նրանց ձեռքին կան պաստառներ. «Պաշտպանեք հայրենիքի պաշտպաններին», «Վերադարձրեք մեր տղաներին, «Մի սպանեք զինվորներին», «Հրաժարական», «Նախագահ հեռացիր»:

Ոստիկանները շղթա են կազմել եւ թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ նախագահի նստավայրի դարպասներին: Այդուհանդերձ, մի քանի ծնողների հաջողվել է մոտենալ դարպասներին:

Նախագահական նստավայրից դեռ ոչ ոք դուրս չի եկել որդեկորույս ծնողների հետ խոսելու, սակայն այստեղ է ժամանել պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը, ով մայրերին հրավիրում է ռազմական ոստիկանություն, ասելով, որ այնտեղ են բոլոր քննիչները, նաեւ դատախազության ներկայացուցիչը, որոնց կարող են տալ իրենց հուզող բոլոր հարցերը:

Բողոքի ակցիայի մասնակիցները դեռ չեն շտապում գնալ ռազմական ոստիկանություն: Նրանցից ոմանք հայտարարում են, որ արդեն տարիներ են անցել իրենց որդիների սպանություններից, սական ոչինչ չի բացահայտվել եւ ոչ ոք չի պատժվել:

Նշենք, որ վերջին 5 օրվա ընթացքում արդեն երրորդ մահվան դեպքն է գրանցվում բանակում, եւ բոլոր դեպքերում էլ պաշտոնապես այն որակվում է որպես «ինքնասպանություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջին դեպքը տեղի է ունեցել Իջեւանի զորամասում, հոկտեմբերի 13-ին, ժամը 15-ի սահմաններում, իսկ մահացողը ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանն է: Արամ Մելքոնյանը Երեւանի բնակիչ էր, զորակոչվել էր 2011թ. առաջին զորակոչի ժամանակ, Նոր Նորքի զինկոմիսարիատից:

Բացի այդ, ըստ պաշտոնական վարկածի, հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում Մատաղիսի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, Խարբերդի 19-ամյա բնակիչ Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը:

Իսկ հոկտեմբերի 9-ին էլ Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, Խարբերդի 19-ամյա բնակիչ Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: