Եվրամիությունը ցավում է, որ Վրաստանի կառավարությունը թույլ է տվել վերսկսել Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ չվերթները։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ Թբիլիսի այցի նախօրեին վրացական civil.ge լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Մենք շատ ենք ափսոսում [վրացական] կառավարության որոշման համար՝ թույլ տալով վերսկսել թռիչքները Ռուսաստանի հետ և թույլատրել պատժամիջոցների տակ գտնվող անձանց մուտքը Վրաստանի տարածք», - ասել է Բորելը։ Նա կարծում է, որ «նման որոշումները հակասում են ԵՄ քաղաքականությանը և միջազգային մակարդակով Ռուսաստանին մեկուսացնելու ջանքերին»՝ ուկրաինական հակամարտության պատճառով։
Բորելը հավելել է, որ ԵՄ-ն ակնկալում է, որ գործընկեր երկրները, ինչպես նաև նրանք, ովքեր ձգտում են դառնալ ԵՄ անդամ, հետևեն եվրոպական արտաքին քաղաքականության որոշումներին։
Եվրամիության արտաքին ծառայության ղեկավարը Թբիլիսի կժամանի հինգշաբթի։





























