Երեւանում, այսօր` հոկտեմբերի 14-ին, Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է ԱՊՀ անդամ-երկրների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստը, որի բացմանը մասնակցել է նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն իր խոսքում նշել է. «ԱՊՀ երկրներում տեղի ունեցող արագ, իսկ երբեմն էլ անկախատեսելի քաղաքական գործընթացները, տնտեսական եւ ֆինանսական բացասական երեւույթները, ինչպես նաեւ նրանց ազդեցությունն ավելի համոզիչ են դարձնում այն, որ անհրաժեշտ է ոչ միայն համաձայնեցնել գործողությունների միասնական ռազմավարությունը, այլեւ ամրապնդել միմյանց միջեւ հետագա համագործակցությունը:
Ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների եւ զենքի անօրինական շրջանառությունը, անօրինական միգրացիան եւ թրաֆիքինգը քաղաքական եւ տարածքային սահմաններ չեն ճանաչում: Այս երեւույթներն այսօր իրենցից ներկայացնում են մեծ մարտահրավերներ, իրական ուժ՝ ունակ հակադրվելու պետական ինստիտուտներին եւ հանդիսանալու լուրջ սպառնալիք պետությունների ազգային անվտանգության ապահովմանը: Հանցավորության միջազգայնացման գործընթացների եւ հանցավորության առավել վտանգավոր դրսեւորումների դեմ անհրաժեշտ է միասնական եւ արդյունավետ դիմակայություն: Վստահ եմ՝ այսօրվա նիստն ուղղված կլինի այսպիսի համագործակցության զարգացմանը»: Նրա խոսքով, անվտանգության ապահովման նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է ԱՊՀ մասնակից երկրների համար մշակել համակարգված քաղաքականություն:
Նշենք, որ ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի ՆԳՆ-ների եւ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի պատվիրակություններն ու պաշտոնատար անձինք: Նիստի աշխատանքներին մասնակցում է նաեւ միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության` Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը:
Նիստի ընթացքում կքննարկվեն հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:




























