Առնվազն երեք հոգի, երկուսը՝ անչափահաս, կորել են Վրաստանի Գուրիա երկրամասում հորդառատ անձրեւների հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել են հանրապետության ՆԳՆ-ում։

«Հորդ տեղումների պատճառով հեղեղվել են բնակելի տներ, գյուղատնտեսական հողատարածքներ, կոտրվել են ծառեր, սողանքի վտանգ կա, Գուրիայի մի քանի գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից։ Այս փուլում Գուրիայում, տարբեր գյուղերում երեք մարդկանց, որոնցից երկուսը՝ անչափահաս, որոնման աշխատանքներ են կատարվում»,- նշվել է հաղորդագրությունում։

Վրաստանի արեւմուտքում ուժեղ անձրեւները սկսվել են ուրբաթ գիշեր։ Գուրիայում խիստ տուժել է Լանչխութի շրջանը։ Տարերքը հարվածել է Քոբուլեթի հանգստավայր-քաղաքին Աջարիայում։ Այստեղ հեղեղվել են տների առաջին հարկերը եւ նկուղները։ Փրկարարներն արդեն ջուրը դուրս են մղում տներից։

Ավտոճանապարհների վարչության տեղեկացմամբ՝ սողանքների վտանգի պատճառով փակ են Շուխութի-Ացանա-Մամաթի-Ձիմիթի եւ Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլետի ճանապարհները։