Երեւանում այսօր բնակվում է 100 եւ ավելի տարեկան 24 քաղաքացի, ովքեր Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի հանրապետական կուսակցության համատեղ սոցիալական աջակցության հերթական ակցիայի շրջանակում դրամական օգնություն եւ նվերներ են ստացել:

«Սոցիալական ռիսկի խմբեր ներկայացնող մեր քաղաքացիների նկատմամբ Երեւանի քաղաքաետարանն առօրեական հոգածություն ունի եւ հաճախ, նման այցելություններով, նպատակ ունենք անձամբ տեղեկանալ այդ քաղաքացիներից յուրաքանչյուրի կեցության մասին»,- նշել է Երեւանի քաղաքապետրանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Կարեւորելով տարեցների համար իրականացվող սոցիալական տարաբնույթ ծրագրերն ու նախաձեռնությունները` Երեւան  քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը շեշտել է, որ քաղաքապետարանը Երեւանի տարեց քաղաքացիների, վետերանների եւ սոցիալապես անապահով ընտանիքների  համար նաեւ գույքահարկի մասով զիջումներ է ծրագրել եւ իրականացնում: 

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հավելել է, որ սոցիալական ռիսկի խմբերին նման ուշադրությունը պետական սոցիալական հիմնական ուղղվածությանը աջակցող ծրագրեր են, որոնք եւս ամենօրյա աշխատանք ու հետեւողականություն են պահանջում: «Ըստ էության, սա Հանրապետական կուսակցության ծրագրային առաջնահերթություն է ու, ըստ այդմ, պարբերաբար իրականացվող ակցիաների շրջանակում կուսակցությունն իրացնում է իր իսկ ծրագրային պարտավորությունը» - նշել է Հերմինե Նաղդալյանը: Պատգամավորը նաեւ հավելել է, որ նմանատիպ ակցիաները լինելու են շարունակական: