Փարիզը չեղյալ է հայտարարել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին տրված հատուկ պատիվը՝ Հոլոքոստի նշանակությունը նսեմացնող վերջին հակասեմիտական մեկնաբանությունների պատճառով, հայտնում է Associated Press-ը:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ուրբաթ օրը նամակ է հրապարակել, որում ասվում է, որ Աբասի խոսքերը «հակասում են մարդկային արժեքներին և Հոլոքոստի մասին պատմական ճշմարտությանը»:
Նշելով, որ նացիստական օկուպացիայի ժամանակ տասնյակ հազարավոր հրեաների բռնել են Փարիզում և արտաքսել մահվան ճամբարներ, Իդալգոն ասել է. «Մենք մեծ վճռականությամբ դատապարտում ենք ձեր մեկնաբանությունները: Ոչ մի պատճառ չի կարող արդարացնել ռեվիզիոնիզմն ու ժխտողականությունը»։
Իդալգոն Աբասին պարգևատրել է քաղաքի բարձրագույն պարգևով՝ Փարիզի Մեծ բրոնզե մեդալով, 2015 թվականին Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու և երկու պետությունների խնդրի լուծման ուղղությամբ նրա ջանքերի համար։
Անցյալ ամիս իր ՖԱԹՀ շարժման բարձրաստիճան անդամներին ուղղված ելույթում Աբասն ասել է, որ Ադոլֆ Հիտլերը սպանել է եվրոպացի հրեաներին ոչ թե հակասեմիտիզմի, այլ հասարակության մեջ նրանց «սոցիալական գործառույթների», օրինակ՝ պարտքով փող տալու համար:
Միացյալ Նահանգները, Գերմանիան և Եվրամիությունը դատապարտել են նրա մեկնաբանությունները և մեղադրել նրան պատմությունը խեղաթյուրելու և հակասեմիտական կարծրատիպեր քարոզելու մեջ։
Հոլոքոստի ժամանակ նացիստների և նրանց դաշնակիցների կողմից սպանվել են 6 միլիոն հրեաներ և այլ ազգերի մարդիկ։ Հիտլերը հրեաներին դիտում էր որպես «ստորադաս» ռասա և քարոզում էր հակասեմիտական կարծրատիպեր՝ բռնություն և խտրականություն հրահրելու եվրոպացի հրեաների նկատմամբ, երբ Երրորդ Ռեյխն ցեղասպանություն էր իրագործում։





























