Անցյալ ուրբաթ Թբիլիսիի Ազգային արխիվի տարածքում սարսափելի հրդեհ է եղել. այրվել է ֆիլմեր պարունակող պահեստ, գրում է Новости-Грузия-ն։
Արխիվից հայտնել են, որ դրանք բոլորը թվայնացված են, սակայն բնօրինակներն այլևս հասանելի չեն:
Նիտրոֆիլմը խիստ դյուրավառ է, այդ իսկ պատճառով այն պահվել է առանձին շենքում։
Հրդեհն ամբողջությամբ մարվել է, տուժածներ չկան։
Հրդեհը բռնկվել է ուրբաթ երեկոյան Վրաստանի Ազգային արխիվի տարածքում՝ Վաժա Փշավելայի պողոտայում գտնվող առանձին շենքում։ Հրշեջները մի քանի ժամ պայքարել են կրակի դեմ։
«Շենքում նիտրոֆիլմեր էին պահվում։ Բոլոր ժապավենները թվայնացված են, իսկ դրանց պատճենները պահվում են կինոարխիվում։ Հրդեհը չի տարածվել այլ շենքերի վրա»,- ասվում է Ազգային արխիվի հաղորդագրությունում:
Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Դեռևս հայտնի չէ նաև՝ ֆիլմի արխիվն ամբողջությամբ այրվե՞լ է, թե՞ ինչ-որ բան փրկվել է։
Սա առաջին դեպքը չէ, երբ վրացական կինոարխիվը կորչում է հրդեհի հետևանքով։ 2005 թվականին հրդեհ է տեղի ունեցել կինոստուդիայի պահեստում, որտեղ պահվում էր կինոֆիլմերի պատճենների և վրացական բոլոր ֆիլմերի սաունդթրեքերի արխիվը։ Հետո հայտնի դարձավ, որ պահոցի դուռը տեղադրելիս էլեկտրական եռակցման կայծը հարվածել է դյուրավառ թաղանթին։ Այդ ժամանակ Վրաստանը Ռուսաստանի արխիվներից ստիպված եղավ պահանջել «Գրուզիա-Ֆիլմ» ստուդիայից ֆիլմերի պատճեններն ու բնօրինակները։




























