Երկուշաբթի առավոտյան Հոնկոնգում մեկ ժամում ավելի քան 100 միլիմետր անձրև է տեղացել, ինչը հանգեցրել է քաղաքի որոշ շրջանների ճանապարհների և տների հեղեղմանը, հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը՝ հղում անելով տեղական ծառայություններին:
Հոնկոնգի օդերևութաբանական աստղադիտարանը երկուշաբթի առավոտյան հաղորդել է Սայ Կունգ շրջանում մեկ ժամվա ընթացքում ավելի քան 100 միլիմետր անձրև: Իշխանությունները մտավախություն ունեն, որ դա կվատթարացնի ջրհեղեղն այս և հարակից տարածքներում:
Ոստիկանության տվյալներով՝ քաղաքի որոշ ճանապարհների հատվածներ հեղեղված են։ Ջուրը լցվել է մեքենաներից մեկը՝ արգելափակելով երթեւեկությունը։ Նաեւ անձրեւի պատճառով փլուզվել է տներից մեկի պատը։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
SCMP-ը նշում է, որ գրեթե 140 տարվա ընթացքում ամենաառատ տեղումներից և դրա հետևանքով ջրհեղեղից հետո 10 դպրոց, ինչպես նաև մետրոյի որոշ կայարաններ փակ են մնում:
Անցյալ շաբաթ Հոնկոնգի օդերևութաբանական աստղադիտարանը հայտնել էր, որ «Հայկուի» թայֆունը Հոնկոնգում հորդառատ անձրևներ է բերել: Աստղադիտարանի տվյալներով՝ հինգշաբթի ժամը 23.00-ից մինչև 00.00-ն մեգապոլիսում տեղացել են 158,1 միլիմետր տեղումներ, ինչը ռեկորդային է եղել 1884 թվականից ի վեր։ Ջրհեղեղի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ առնվազն 110-ը։




























