«Հայփոստ»-ն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Տավուշի մարզում վերաբացել է միանգամից երկու փոստային բաժանմունք։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Հայփոստի» մամուլի ծառայությունից, վերաբացվել են Դիլիջան եւ Իջեւան քաղաքների բաժանմունքները։

Բացմանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաեւ` երկու քաղաքների բնակիչներ:

Արարողության ընթացքում քաղաքապետերի կողմից շնորհակալագրեր են հանձնվել ինչպես Դիլիջան, այնպես էլ Իջեւան քաղաքների փոստային մասնաճյուղերի պետերին:

Դիլիջան եւ Իջեւան քաղաքների փոստային բաժանմունքներում եւս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը:

Նշենք, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50  բաժանմունք` ինչպես Երեւանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:

«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին: