Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, «Յունիքորն Գրուպ» ընկերության սեփականատեր Գուրգեն Արսենյանն դիմել է Վարչական դատարան` վիճարկելով Երեւանի քաղաքապետի որոշումը, որի հիման վրա ապամոնտաժվել են իր ընկերությանը պատկանող գովազդային վահանակները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գուրգեն Արսենյանը պատմեց, որ այդ որոշման հիման վրա Երեւանի քաղաքապետը իրենց 5 օր ժամանակ է տվել, որպեսզի ապամոնտաժեն Մաշտոցի պողոտայում գտնվող իր ընկերության գովազդային վահանակները վարձակալության պայմանագրի բացակայության հիմքերով, իսկ բողոքարկելու համար տվել է 30 օր ժամանակ: «Առաջինը, ըստ Վարչական դատավարության օրենսգրքի`  վարչական ակտի բողոքարկմանը ժամկետը 2-ամիս է, եւ երկրորդ, մենք այն տեսակետին ենք, որ 5օրյա ժամկետում գործողություն կատարելով եւ 30-օրյա ժամկետում բողոքարկելը անհամաչափ ժամկետներն են մեր իրավունքներն իրացնելու համար»,- ասաց Գուրգեն Արսենյանը: «Յունիքորն Գրուպ» ընկերությունը 14 տարբեր ընկերություններից գովազդների պատվերներ էին ստացել, այդ վահանակներից 10 ապամոնտաժվել են նախօրեին գիշերը, մյուս 4-ը եւս, հնարավոր է, որ ապամոնտաժված լինեն, ՄԱԿ ղեկավարը բացարձակապես ցանկություն չուներ գնար ստուգելու:

««Յունիքորն Գրուպ» ընկերության ունեցվածքը ապամոնտաժվել է բարբարոսաբար` ոչնչացնելով, եռակցման սարքերի կիրառմամբ, ընկերության գույքին հասցվել է էական վնաս: Տարվել են անհայտ ուղղությամբ, կարող ենք դիտարկել, որ ինչ-որ մեկը որոշել է հափշտակել, ու՞ր է ընկերության գույքը»,- ասաց նա` հավելելով, որ այսպիսի գործողություններով քաղաքապետարանը իրեն վերագրել է դատական իշխանության գործառույթ: Նրա խոսքով, գործողությունը իրականցնելու ընթացքում կոպիտ խախտում է թույլ տրվել քաղաքապետարանի համապատասխան ծառայության կողմից, որովհետեւ արգելված է Երեւան քաղաքում առանց համապատասխան թույլտվության իրականացնել որոշակի գործողություն: Նրանք պահանջում են առոչինչ ճանաչել քաղաքապետի որոշումը: «Բոլոր մասնակիցները` քաղաքապետարանը, աշխատողները, կռունկավարները պետք է անձնական պատասխանատվություն ենթարկվեն, բոլորին կկանչեմ դատարան` պահանջելու պատճառված վնասի փոխհատուցում, որովհետեւ ես պատշաճ կերպով բոլորին տեղեկացրել եմ, թե ինչ է տեղի ունենում»,- նշեց նա: Գուրգեն Արսենյանը իր ընկերության պատկանող գովազդային վահանակները ապամոնտաժելու կապակցությամբ անձամբ չի զրուցել քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Ի դեպ, նրա` որպես քաղաքապետի գործողություններին մասին Արսենյանը իր կարծիքը կհայտնի մամուլի ասուլիսով:

Նշենք, Երեւանի քաղաքապետարանը որոշել է Երեւանը մաքրել «ոչ էսթետիկ եւ քաղաքի տեսքը խաթարող» գովազդային վահանակներից: Մի շարք ընկերությունների մոտ 50 վահանակ են ապամոնտաժելու Մաշտոցի պողոտայում, Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Բաղրամյան 1-2 հասցեները եւ մինչեւ Տերյան խաչմերուկ: