Լեհաստանի կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը տեղեկություններ է ստացել, որ լեհական հյուպատոսությունները կաշառքի դիմաց վիզաներ են տվել Աֆրիկայում եւ Ասիայում՝ միգրանտների համար ճանապարհ բացելով Եվրամիություն, որը ոմանք հույս ունեին օգտագործել ԱՄՆ անցնելու համար, տեղեկացրել է The Associated Press-ը։

Կոռուպցիոն սկանդալի մանրամասները հայտնի են դարձել խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ, դրանք տեղի են ունենալու հոկտեմբերի 15-ին, եւ կուսակցությունը ողջ ուժով փորձում է հաղթահարել սկանդալի հետեւանքները։

Արտաքին գործերի նախկին փոխնախարարը, որն ազատվել էր այդ սխեմային մասնակցություն ունենալու ֆոնին, հոսպիտալացվել է ինքնասպանության ակնհայտ փորձից հետո։

«Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը առաջատարն էր ընտրություններում, եւ առայժմ պարզ չէ, թե արդյոք այս միջադեպը կազդի նրա ընտրվելու հնարավորությունների վրա։ Սակայն ընդդիմադիր քաղաքական գործիչները «կառչել են վիզաների գործից»՝ կառավարությանը մեղադրելով կոռուպցիայի եւ կեղծավորության մեջ, ելնելով նրա կոշտ հակամիգրացիոն հռետորաբանությունից։

Ուրբաթ  արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր մի աշխատակցի ազատելու մասրն՝ «կապված վիզաների գործով շարունակվող հետաքննության հետ»։ Ըստ նրա՝ խոսքը իրավական հարցերի եւ օրենսդրության պահպանման վերահսկման դեպարտամենտի տնօրեն Յակուբ Օսայդայի մասին է։ Նախարարությունը նաեւ հայտարարել է հյուպատոսական վարչության եւ բոլոր հյուպատոսական հաստատությունների արտահերթ ստուգման մասին։

Այն բանից հետո, երբ օգոստոսի 31-ին ԶԼՄ-ներում հայտնվեցին առաջին տեղեկությունները սկանդալի մասին, ազատվեց արտաքին գործերի փոխնախարար Պետր Վավժիկը, որը հյուպատոսական հարցերի պատասխանատուն էր։ Ինչպես ուրբաթ տեղեկացրել են լեհական ԶԼՄ-ները, Վավժիկը հոսպիտալացվել էր ինքնասպանության փորձից հետո։

Հինգշաբթի պետական դատախազությունը հայտարարել էր, որ մեղադրանք է ներկայացրել յոթ անձանց, որոնք կասկածվում են կոռուպցիոն գործունեության մեջ վիզաների տրամադրումն արագացնելու հարցում, իսկ նրանցից երեքը ժամանակավորապես ձերբակալվել են։

Գլխավոր դատախազ Զբիգնեւ Զոբրոն հայտարարել է, որ իշխանություններն աշխատում են մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, եւ ընդգծել է, որ գործի մասշտաբներն ավելի փոքր են, քան ներկայացնում են ԶԼՄ-ները եւ ընդդիմությունը. սխեմայի շրջանակում ընդամենը 268 վիզա է տրվել։