Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կիրակի ծանոթացել է Վլադիվոստոկի Ռուսսկի կղզում գտնվող Հեռավորարևելյան դաշնային համալսարանին (ՀԱԴՀ), հայտարարել է ՌԴ բնական պաշարների նախարար, ՌԴ-ԿԺԴՀ միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Կոզլովը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

«Կիմ Չեն Ընի հետ շրջայց ենք կատարում Հեռավորարևելյան դաշնային համալսարանում: Այստեղ ուսանողներ կան Հյուսիսային Կորեայից»,- գրել է Կոզլովը Telegram-ի իր ալիքում։

Նա նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ԿԺԴՀ առաջնորդը քայլում համալսարանի առափնյա փողոցով։

Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան սկսվել է սեպտեմբերի 12-ին, նա ժամանել է Պրիմորսկի երկրամասի Խասան կայարան։ Այնուհետև Հյուսիսային Կորեայի ղեկավարն իր զրահապատ գնացքով մեկնել է Ամուրի շրջան, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ծանոթացել է «Վոստոչնի» տիեզերակայանին։ Այնուհետև պետությունների ղեկավարները բանակցություններ են վարել նախ պատվիրակությունների մասնակցությամբ, այնուհետև՝ «տետ-ա-տետ», որտեղ քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և աշխարհում տիրող իրավիճակը։

Շաբաթ օրը Հյուսիսային Կորեայի առաջնորդը ժամանել է Պրիմորիե,  այցելել է Կնևիչի օդանավակայան, որտեղ նրան դիմավորել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Կիմ Չեն Ընին ցուցադրվել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմավարական ավիացիոն ինքնաթիռները և «Կինժալ» հրթիռային համակարգը։ Կիմ Չեն Ընը եղել է նաև Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Մարշալ Շապոշնիկով» զբոսանավի վրա։ Բացի այդ, նա դիտել է «Քնած գեղեցկուհին» բալետը Մարիինյան թատրոնի Պրիմորսկի բեմում: