ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմն արագ ավարտ չի ունենա, քանի որ Կիևը շարունակում է իր հակահարձակումը ռուսաստանյան զորքերի դեմ։

«Պատերազմների մեծ մասը տևում է ավելի երկար, քան սպասվում է դրանք սկսելիս: Ուստի,  մենք պետք է պատրաստվենք Ուկրաինայում երկարատև պատերազմի։ Մենք բոլորս ցանկանում ենք, որ որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատվի»,- ասել է Ստոլտենբերգը։

Միաժամանակ նա հայտարարել է, որ եթե ուկրաինացիները դադարեցնեն կռիվը, «նրանց երկիրն այլևս գոյություն չի ունենա»։

«Բայց միևնույն ժամանակ մենք պետք է ընդունենք. եթե նախագահ (Վլադիմիր) Զելենսկին և ուկրաինացիները դադարեն պայքարել, նրանց երկիրն այլևս գոյություն չի ունենա։ Եթե ​​նախագահ (Վլադիմիր) Պուտինն ու Ռուսաստանը վայր դնեն զենքերը, մենք խաղաղություն կունենանք»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։