Օրեգոն նահանգում Ժողովրդավարական կուսակցության անդամ ամերիկուհի Բրեդ Ավագյանը պայքարում է ԱՄՆ Կոնգրեսում տեղ զբաղեցնելու համար: Ժողովրդավարական կուսակցության ներսում ընտրությունը կկայանա նոյեմբերի 8-ին, Բրեդ Ավագյանն ունի երկու հիմնական մրցակից:
Associated Press-ը հայտնում է, որ Ավագյանն օգտագործում է իր ընտանիքի ազգային արմատները եւ միջոցներ է ստանում ԱՄՆ հայ համայնքի կողմից, թեեւ ժամանակին խիստ քննադատության էր ենթարկում նույն նահանգի չինական ծագում ունեցող նախկին կոնգրեսական Դեւիդ Վուին:
«Ամբողջ երկրում հայկական համայնքները շահագրգռված են Կոնգրեսում իրենց ներկայացուցիչն ունենալու հարցում»,- Associated Press գործակալությանն ասել է Բրեդ Ավագյանը:
Բրեդ Ավագյանի նախընտրական շտաբը հայտնում է, որ Ավագյանի նախնիներն ապրել են արեւելյան Թուրքիայի տարբեր քաղաքներում, 1915թ. նրանցից ոմանք փախել են երկրից` հայերի հանդեպ հալածանքներից խուսափելով եւ ի վերջո հիմնավորվել են Ֆրեզնոյում, որտեղ հայկական մեծ համայնք կար: Ֆրեզնոյում Ավագյանի տատն ու պապն ամուսնացել են, 10 երեխա են ունեցել, որոնցից մեկն էլ Բրեդ Ավագյանի հայրն էր:
Օրեգոնի հայ համայնքը մեծ չէ, ընդամենը 300 հայ ընտանիքից է բաղկացած, եւս մի քանի հարյուր ընտանիք հայկական ծագում ունեն, բայց համայնքի կազմում ընդգրկված չեն:
Associated Press-ը նշում է, որ Ավագյանը կարող է դառնալ հայկական ծագում ունեցող երրորդ ներկայացուցիչը Կոնգրեսում: Կոնգրեսի Քալիֆորնիա նահանգում Ժողովրդավարական կուսակցությունից ընտրված երկու կին կոնգրեսականներ ունեն հայկական ծագում` Աննա Էշուն` կիսով չափ հայուհի, կիսով չափ ասորի, եւ Ջեքի Սփեյերը, որի հայրը հրեա է, մայրը` հայ:
Հիշեցնենք, որ Վուն հրաժարական է տվել սեռական սկանդալի հետեւանքով:




























