Հայաստանի ոստիկանությունը հերքել է դերասանուհի Անժելա Սարգսյանի գործով կալանավորված Կարեն Արայանի մոր` Մարինա Արայանի հայտարարությունը, որում վերջինս դերասանուհուն մեղադրել էր հրեշավոր հանցագործության մեջ:
Կալանավորվածի մայրը հայտարարել էր, թե ոստիկանությանն է ուղարկել Անժելա Սարգսյանի մասնակցությամբ 1,13 րոպե տեւողությամբ տեսանյութ, որտեղ առկա են մանկապղծության կադրեր:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեսանյութը փորձաքննության է ենթարկվել եւ հերքվել է դրա մեջ պոռնոգրաֆիայի առկայությունը:
Նշենք, որ Կարեն Արայանը ձերբակալվել է հոկտեմբերի 5-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Կարեն Արայանը ինտերնետում տարածել էր «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում նկարահանվող դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները:


























