Խաղաղ պայմաններում բանակում մահացած 8 զինվորների ծնողներ ՀՀ կառավարության շենքի դիմաց հանդիպել էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին եւ խնդրել հնարավոր աջակցություն:
ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանը, սեպտեմբերի 30-ին, ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել էր ծնողների հանդիպումը ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի, մշտական հանձնաժողովի նախագահներ Հրայր Կարապետյանի եւ Արամ Սաֆարյանի, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ: Հանդիպման արդյունքում որոշվել էր պատգամավորներին ներկայացնել համատեղ տեղեկանքներ յուրաքանչյուր զոհված զինվորի գործի քննության ընթացքում տեղ գտած թերացումների ու խախտումների վերաբերյալ:
Պաշտպանի աշխատակազմի օգնությամբ կազմվել են ութ տեղեկանքներ, որոնք ներառում են զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը, մահվան վերաբերյալ ծնողի վարկածը, գործի քննության ներկայիս փուլը, քննության ընթացքում ծնողների ներկայացրած խախտումները եւ թերացումները:
Ներկայացնենք նշված խախտումներից եւ թերացումներից միայն մի քանիսը: Արայիկ Ավետիսյանի գլխի վրա բացի հրազենային վնասվածքներից առկա են եղել այլ վնասվածքներ, իսկ վարույթն իրականացնող մարմինը չի էլ պարզել դրանց պատճառները: Գեղամ Սերգոյանի մահվան գործով քննիչի կողմից փորձագետին է ուղարկվել թվով 3 ռենտգեն լուսանկարներ, որոնց թե դատաբժշկական գիտագործնական կենտրոնում եւ թե նախաքննության ընթացքում անդրադարձ չի կատարվել: Նարեկ Գալստյանի մահվան դեպքի վայրից ոչնչացվել են մի շարք իրեղեն ապացույցներ: Տիգրան Համբարձումյանի դին գտնվել է զորամասից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ տեսանելի վայրում, սակայն զորամասի սպայական կազմը մարմինը հայտնաբերել է դեպքից մեկ օր անց: Անդրանիկ Սարգսյանի մահվան գործով բուժծառայության պետը իր բացատրությունում նշում է, որ ինքը սխալ ախտորոշում է իրականացրել, մինչդեռ նախաքննության մարմինն այդ հարցին չի անդրադարձել: Քննիչն իր որոշման մեջ արձանագրել է, որ սպանված Արման Հակոբյանին նաեւ ծեծի են ենթարկել, սակայն քայլեր չի ձեռնարկել ծեծած զինծառայողներին որպես մեղադրյալ ներգրավելու համար: Պարանի վրա, որով կախվել է Վալերիկ Մուրադյանը, առկա են եղել արյան հետքեր, սակայն պարանը չի ուղարկվել փորձաքննության՝ արյան կարգը եւ պատկանելիությունը որոշելու համար: Սպանված Տիգրան Օհանջանյանի մարմնի նկարներից ակնհայտ երեւում է աչքի, ծնոտի եւ գլխի հատվածներում առկա վնասվածքները, ինչպես նաեւ ձեռքի ափի կապտուկները, սակայն դատաբժշկի կողմից այդ ամենը չի արձանագրվել:
Արձանագրելով ծնողների կողմից ներկայացված խնդիրներն ու բողոքները՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Նիկոյանին, Արամ Սաֆարյանին, Հրայր Կարապետյանին եւ Լարիսա Ալավերդյանին այսօր ուղարկված տեղեկանքներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իրավական հետագա գործողությունների իր առաջարկները:
Պաշտպանը համոզված է, որ միայն նախկին (նույնիսկ 10-ամյա հնության) գործերի լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարության վերկանգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը եւ վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը»:


























