Հայաստանն ու Լեհաստանը ռազմական ոլորտում կարող են համագործակցել ռազմական կրթության եւ ռազմական արդյունաբերության բնագավառներում: Այս մասին նշվել է այսօր` հոկտեմբերի 17-ին, Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի եւ աշխատանքային այցով Երեւանում գտնվող Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար, պրոֆեսոր Ստանիսլավ Կոզիեչի հանդիպման ժամանակ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումներին եւ այդ բարեփոխումներին Լեհաստանի կողմից առկա օժանդակության եւ դրա խորացման հնարավորություններին` ինչպես երկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը որպես Լեհաստանի հետ պաշտպանական համագործակցության զարգացման առաջնահերթություն առանձնացրել է ռազմական կրթության եւ ռազմական արդյունաբերության բնագավառները:
Կողմերն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ նշել, որ այն պետք է կարգավորվի միայն խաղաղ, բանակցային ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ եւ ուժի կիրառման նկատմամբ անհանդուրժողականությամբ:




























