Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից զրկել հանրապետության նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեին, որը նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունի, որը ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցների՝ ՌԴ ԱԴԾ-ի հետ ենթադրյալ կապերի համար։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։
«Օթար Պարցխալաձեն մեղադրվում է լրտեսության մեջ և նրա դեմ հետաքննություն է սկսվել։ Ելնելով պետության շահերից՝ Վրաստանի նախագահն այս փուլում աննպատակահարմար է համարում նրան Վրաստանի քաղաքացիությունից զրկելը։ Նախագահը կարծում է, որ եթե Օթար Պարցխալաձեն պետք է պատժվի, ապա նա պետք է պատժվի հենց որպես Վրաստանի քաղաքացի»,- ասվում է հայտարարության մեջ։
Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ծառայությունների զարգացման գործակալությունը չորեքշաբթի նպատակահարմար է համարել Պարցխալաձեին Վրաստանի քաղաքացիությունից զրկելը։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ անձը ինքնաբերաբար կորցնում է Վրաստանի քաղաքացիությունը, եթե ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն։ Երկքաղաքացիությունը ճանաչելու համար նա պետք է դիմի նախագահին, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էր Զուրաբիշվիլին, նախկին գլխավոր դատախազից ոչ մի փաստաթուղթ չի ստացվել։
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Ցուցակում ընդգրկվել է գրեթե 70 մարդ, այդ թվում՝ Պարցխալաձեն, որը Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ Պետդեպարտամենտի տվյալներով, նա գործունեություն է ծավալել կառավարման և խորհրդատվական ոլորտում՝ ելնելով Մոսկվայի շահերից։ Ենթադրվում է, որ ԱԴԾ աշխատակիցը կարող էր օգնել Պարցխալաձեին Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցում և, իբր, ազդել նրա վրա, որպեսզի նա ներգործությւոն ունենա վրացական հասարակության և քաղաքականության վրա՝ ելնելով Ռուսաստանի շահերից:





























