Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի հրամանով, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի արհեստագործական ուսումնարանը լուծարվել է, նույն հրամանով, համայնքի հենակետային վարժարանը եւ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը միավորվել են: Պատճառը աշակերտների թվի կտրուկ նվազումն է:
Ախուրյանի համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանի փոխանցմամբ՝ այդ մասին իրենց տեղեկացրել են դեռեւս 1 տարի առաջ: Հենց այդ շրջանում էլ կնքվել էր եռակողմ պայամագիր, գյուղապետի ուսումնարանի տնօրինության եւ կրթության ու գիտության նախարարության միջեւ, համաձայն որի եթե այս ուսումնական տարում հաստատությունը չապահովեր ուսանողների անհրաժեշտ թվաքանակ, ապա դադարեցնելու էր գործունեությունը:
Ուսումնարանի լուծարման հիմնական պատճառն են համարում գյուղական համայքներում վերջին տարիներին նկատվող մարդկանց արտահոսքը, հիմա ըստ գյուղապետի հեռանում են հատկապես երիտասարդ ընտանիքները: Գյուղը դատարկվում է, հետեւաբար ուսումնական հասատություն պահելու անհրաժեշտություն եւս չկա:
«Որ աշակերտների թիվը Ախուրյանում տարեցտարի նվազում է, ակնհայտ է: Համայնքում գործող հենակետային վարժարանը պահել եւս չի հաջողվել, կրթության եւ գիտության նախարարի հրամանով այն միացել է Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցին: 250 աշակերտի համար նախատեսված դպրոցում հիմա սովորում են 200 աշակերտ, 43 հենակետային վարժարանից են տեղափոխվել: Տարեցտարի գյուղական համայնքներում դպրոց եւ այլ ուսումնական հաստատություն պահելը դառնում է գրեթե անհնար: Իսկ վերամիավորման արդյունքում կադրային կրճատումներից խուսափել եւս հնարավոր չի եղել»,-ասել է Ածրունի Իգիթյանը:
Գյուղի 2 հիմնական դպրոցներում եւս առկա է աշակերտների խիստ պակաս: Օրինակ Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցից հեռացել է 15 աշակերտ, իսկ թիվ 1 հիմնական դպրոցը ընդունել է 38 աշակերտի, թիվը նախորդ տարվա համեմատ զգալի նվազել է:
«Իսկ յուրաքանչյուր աշակերտի հեռանալը զգալի ֆինանսական դժվարություններ է առաջացնում, ինչպես հայտնի է դպրոցների բյուջեն ձեւավորվում է աշակերտների թվով, ուսումնական հաստատությունների ֆինանսական հոսքերը պակասում են»,- ասել է Ախուրյանի առաջին վարժարանի տնօրեն Աննա Ենգոյանը:




























