Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, հոկտեմբերի 16-ին, Բեռնում մասնակցել է Միջխորհրդարանական միության հոբելյանական 125-րդ վեհաժողովի բացման արարողությանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը եւ Միքայել Վարդանյանը:
Վեհաժողովի մոտ 1500 մասնակիցներին ողջունել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, Շվեյցարիայի համադաշնության Նախագահ Միշլին Կալմի- Ռեյը, Միջխորհրդարանական միության նախագահ Թեո- Բեն Գուրիրաբը եւ ուրիշներ:
Արդեն հոկտեմբերի 17-ին, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը եւ Միքայել Վարդանյանը մասնակցել են Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են ՄՄ-ին անդամակցությանը վերաբերող հարցեր, ներկայացվել Միջխորհրդարանական միության 2012 թ. ծրագիրը եւ բյուջեի նախագիծը, 2012-2017 թթ. ռազմավարությունը եւ այլ հարցեր:
Նիստի ընթացքում ներկայացվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից կազմակերպված Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների պատգամավորների մասնակցությամբ հունիսի 14-16-ին Հայաստանի խորհրդարանում կայացած երեխաների իրավունքերին նվիրված տարածաշրջանային համաժողովի արդյունքները:
ՄՄ ղեկավար խորհրդի նիստից հետո իր աշխատանքներն է սկսել միջխորհրդարանական միության 125-րդ վեհաժողովը, որին մասնակցել է ԱԺ պատվիրակությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Նույն օրը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության վեհաժողովի Եվրասիա աշխարհաքաղաքական խմբի նիստը, որը նախագահում էր ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Վարդանյանը: Նիստի ընթացքում իրենց ծրագրերն են ներկայացրել Միջխորհրդարանական միության նախագահի թեկնածուներ Ինդոնեզիայի խորհրդարանը ներկայացնող տիկին Նուրհայատի Ալի Ասեգաֆը եւ Մարոկկոն ներկայացնող Աբդելվահադ Ռադին:
Նշենք, որ Միջխորհրդարանական միության նախագահի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին վեհաժողովի լիագումար նիստում:




























