«Հայացք» թերթն անդրադարձել է «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի մահվան հանգամանքներին, որի կապակցությամբ քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, օպերատիվ խումբը 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին անհայտ անձի ահազանգից հետո հայտնաբերել է Սեւան-Երեւան մայրուղու մոտ` Գետամեջ գյուղի ճանապարհին, նրան պատկանող BMW X5 մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենայում: «Արայի» սեփականատիրոջ քունքի մասում եղել է հրազենային վնասվածք: Ա. Պետրոսյանի ձեռքին եղել է TT մակնիշի ատրճանակ: Չնայած այն հանգամանքին, որ նրա աջ ձեռքի մատն ատրճանակի ձգանին է եղել, բացառված չէ, որ ինչ-որ մեկը շատ մոտ տարածությունից կրակել է «Արայի» սեփականատիրոջ քունքին, հետո սրբել ատրճանակի վրայի մատնահետքերը, ատրճանակը դրել նրա ձեռքի մեջ, մատն էլ` ձգանին: Ի դեպ, ավտոմեքենայի աջ նստատեղին դրված պայուսակում հայտնաբերվել է մեկ այլ ատրճանակ` «Բրաունինգ», ինչպես նաեւ հինգ տասնյակից ավելի փամփուշտ, եւ հնարավոր է, որ հենց դա է «Արայի» սեփականատիրոջ ատրճանակը, իսկ TT-ն մարդասպանինն է»:

Այնուհետեւ թերթն ամփոփում է. «Հայաստանում նույնիսկ մեծահարուստները պաշտպանված չեն, նրանց բիզնեսն ու կյանքն ապահովության երաշխիք չունի, իսկ երջանիկ լինելու մասին խոսելը թերեւս ավելորդ է»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի