Թերթը գրում է, որ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը շաբաթ օրը բավականին ուշագրավ մի հայտարարություն է արել` խոսելով բանակում տեղի ունեցող միջադեպերի շուրջ բարձրացող աղմուկից:

«Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն են կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք եւ հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»,- ասել է Գասպարյանը:

«Հիշեցնենք, որ «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանին` խնդրելով մի շարք տեղեկություններ:

Եթե ՊՆ հրապարակեր այդ տեղեկությունները տրամադրեր, կլիներ այն, որ հասարակությունը կիմանար, թե ինչքան մեծ թվով առողջ մարդիկ են խուսափել բանակից, եւ` հակառակը, թե ինչպես են ՊՆ հաշվին մարդիկ ուսում առնում ստանում դրսում, ինչից հետո նրանց մի մասը հետո չի շարունակում իր ծառայությունը բանակում, հասարակությունը կիմանար, որ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները հիմնականում բանակում չեն ծառայում, եւ կիմանար` անուն առ անուն: Եվ ամենակարեւորը, հասարակությունը կիմանար, որ բազմաթիվ ՊՆ պաշտոնյաներ, գեներալներ, ինչպես նաեւ իշխանական համակարգի այլ ներկայացուցիչներ հենց իրենք են բանակին մատակարարում սնունդ, դեղորայք, համազգեստ, գրենական պիտույքներ, բայց, բնականաբար, ոչ թե իրենց գրպանից, այլ իրենց բիզնեսը առաջ են տանում հենց բանակի հաշվին: Ո՞վ չգիտի, թե ում արտադրած թթվասերն են ուտում ԼՂՀ ՊՆ զինվորները, կամ ում արտադրած թթուներն են ուտում Հայաստանի բանակի զինվորները»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: