Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է  Գյումրիի բնակիչ 27-ամյա Արկադի Վարդանյանի քրեական գործով առաջին դատական նիստը, ով մեղադրվում է անզգուշությամբ մահ պատճառելու մեջ (ՀՀ քրօր-ի 242-րդ հոդվածի 2-րդ մաս):

Տուժողը Գայանե Սահակյանի որդին է, ով մահացել է ավտովթարից, 2010 թ-ի նոյեմբերի 5-ին: Տուժողի իրավահաջորդը համաձայն չէ նախաքննական մարմինների եզրակացության հետ եւ գտնում է, որ դա պատահական ավտովթար չի եղել, անձը, ով վթարի է ենթարկել իր որդուն հանդիպակած գոտում, վարել է ուրիշի մեքենա, ինչը թաքցրել են նախաքննական մարմինները, բացի այդ օգտագործած է եղել մեծ քանակությամբ խմիչք ու թմրամիջոց:

Ավտովթարից հետո Գայանե Սահակյանի որդու մահը ավելի քան մեկ ժամ թաքցվել է, որից հետո վթարի ենթակած երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց՝ պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի:

«Սկզբում այստեղ Գյումրիում էլ մեզ չէին ասում, որ 20 րոպե հետո երեխան մահացել է, մի ժամ հետո նոր իմացել ենք, երբ արդեն Արկադիին տեղափոխեցին Երեւան «Արմենիա» բժշկական կենտրոն, իբրեւ թե առողջական խնդիրների պատճառով, այնինչ նա ոչ մի խնդիր էլ չուներ, ուղղակի լավ խմիչք էր օգտագործել, հարսանիքից էր դուրս եկել»,-NEWS am-ի թղթակցին պատմել է տուժողի իրավահաջորդ  Գայանե Սահակյանը:

Սակայն Երեւանյան կլինիկաներից եւս համապատասխան հետազոտությունների արդյունքները չի ստացել տուժողի իրավահաջորդը, փոխարենը նախաքննական մարմիններին ներկայացրել է նույն անձի կողմից այլ հանցանքներ կատարելու մասին հայտարարություն:

«Արմենիա» բժշկական կենտրոնում արյան անալիզի պատասխանները չկան, չեն տալիս լաբորատոր փորձաքննության արդյունքները, որ չպարզվեն, թե սթափ վիճակում չի եղել Արկադին: Նախաքննական մարմինը նաեւ գործերից հանել է այն մարդու անունը, ում մեքենան վարել է Արկադին առանց թույլտվության»,-պատմել է Գայանե Սահակյանը:

Այնուհետեւ ըստ տուժող կողմի, Արկադի Սահակյանը նաեւ փաստաթղթեր է կեղծել, կեղծ անձնագրով պետական սահմանն է հատել, ու բերման ենթարկվելուց հետո, նա հիմա ազատության մեջ է գտնվում: «Նա կեղծ անձնագիր ունի: 2010-ին նա անձնագիրը թողել է «Արմենիա» բժշկական կենտրոնում եւ կեղծ անձնագրով նույն օրը երեկոյան ժամը 9-ին, Երեւան-Մոսկվա չվերթով մեկնել Մոսկվա: Իմ հետեւողական լինելու արդյունքում նրան գտան, բերման ենթարկեցին, մեկ ամիս նստեց, հիմա ազատության մեջ է, ստորագրություն են վերցրել ու խափանման միջոց կալանքը փոխել»,-դժգոհել է Սահակյանը:

Նա նշել է, որ գործի մասին տեղյակ են գլխավոր դատախազությունում, նամակներ ունի հասցեագրած միջազգային կառույցներին: Գայանեի համոզմամբ, Արկադի Վարդանյանին հովանավորում են: «Ես նամակ եմ գրել նաեւ Սերժ Սարգսյանին, նրան խնդրել եմ գործի բացահայտում, բայց վախենում եմ, որ գլխավոր դատախազությունն է գործը կոծկողը: Նրա ծնողները Ամերիկայում են, փողն ուղարկում են, այստեղ էլ ծանոթներ ու թիկունք ունի, գործը ջրում են»,-ասել է մահացած տղայի մայրը: Նրա խոսքով, Արկադին նաեւ զինծառայությունից է խուսափել, ապօրինաբար: Գայանեն հույս է հայտնել, որ դատարանում կարող է արդարությունը պարզվի, սակայն շատ վկաներ ու գործով այլ տուժողներ էլ կան, որ չեն կամենում ներկայանալ դատական նիստերին:

«Օրինակ Այվազ Սուքիասյանը գործով տուժող էր, հիմա չի ներկայանում դատարան իբրեւ թե անժամկետ քաղաքից բացակայում է, բայց գիտեմ, որ քաղաքում է Զինկոմիսարաիատում էլ աշխատում է, բայց չի գալիս նիստերին, դատախազն էլ չի պահանջում»,- նշել է Գայանե Սահակյանը, խոստանալով, որ պայքարելու է մինչեւ վերջ, անցնելու է դատական բոլոր ատյաններով, հետո դիմելու է Եվրադատարան, «որպեսզի պախարակվեն երեխայի արյունը վաճառող բոլոր պաշտոնյաները»: