Շվեյցարիա կատարած իր այցելության շրջանակում, հոկտեմբերի 18-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում ՀՀ դեսպանությունում հանդիպել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդարանի նախագահը Սրմաքեշին է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված պետական պարգեւը: Վարդան Սրմաքեշը ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենքին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ ՀՀ եւ օտարերկրա պետությունների միջեւ բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է պարոն Սրմաքեշին պետական բարձր պարգեւի արժանանալու կապակցությամբ եւ կարեւորել նրա հայրենանվեր գործունեությունը ու ներդրումը հայ-շվեյցարական բարեկամական կապերի ամրապնդման գործում: Վարդան Սրմաքեշը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատելու համար եւ նշել, որ այսուհետ եւս ամեն ինչ կանի Հայաստանին օգտակար լինելու համար:




























