ԱՊՀ երկրների ստորագրած Ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս: Այդ մասին հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով ԱՊՀ Ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագիրը:
«1994 թվականից այդ խոսակցությունները գնում են, ըստ էության, մենք գտնվում ենք այդ ռեժիմում: Երբ Հայաստան, Ռուսաստան կամ ԱՊՀ տարածքում ապրանքների տեղաշարժ է գնում, մի շարք ապրանքների գծով մենք հարկեր չենք վճարում: Ի վերջո Ռուսաստանը, հատկապես Պուտինը ինտենսիվ փորձում էր ստորագրել այդ համաձայնագիրը, եւ ի վերջո կարողացել է ստորագրել տալ»,- նշել է Վահագն Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե համաձայնագիրը ստորագրել են ԱՊՀ ութ պետություններ, իսկ Ադրբեջանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը չեն ստորագրել այն, Վահագն Խաչատրյանը, նկատել է, որ հրաժարվել են, որովհետեւ ուզում են հասկանալ, թե ինչ կտա այդ համաձայնագիրն իրենց: «Հայաստանի տնտեսությանը դա դրական կլինի՞, թե՞ ոչ, այս պահին չեմ կարող ասել:
Ինձ համար անհանգստացնողն այն է, որ մենք Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք, որի անդամ չէ Ռուսաստանը: Հայաստանը որոշակի սահմանափակումներ ունի: Գոնե հույս ունեմ, որ այնպիսի որոշումներ կընդունվեն, որ չեն հակասի ԱՀԿ-ին, որոնք կարող են տույժերի հանգեցնել»,- նշեց ընդդիմադիր գործիչը:
Նշենք, որ նախօրեին ԱՊՀ երկրները պայմանավորվել են ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին: Փաստաթուղթը նախատեսում է մի շարք խմբերի ապրանքների արտահանման եւ ներմուծման մաքսատուրքի վերացում: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի պարզաբանմամբ` դրա արդյունքում կնվազեն գները:
Փաստաթուղթը ստորագրել են ԱՊՀ ութ երկրների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզըստանի, Մոլդովայի, Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները:, Ադրբեջանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը մինչեւ տարեվերջ պետք է որոշեն, թե ինչ չափով են մասնակցելու նախագծին:



























