Գերմանացի ոստիկաններն ու մաքսավորները խուզարկել են անշարժ գույքի մի քանի օբյեկտներ Մյունխենում և Տեգերնզեում, որոնք պատկանում են ռուսաստանցու, որը  եվրոպական պատժամիջոցների տակ է գտնվում Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ իր աղբյուրին հղումով։

Գերմանիայի մաքսային մարմինների կողմից պատժամիջոցների համար ստեղծված «Մատրյոշկա» հատուկ հանձնաժողովը հայտնել է, որ խուզարկությունները տեղի են ունեցել դատարանի կողմից տրված որոշման հիման վրա։ Գերմանիայի իշխանությունները չեն հայտնում ռուսաստանցու անունը։

Reuters-ի զրուցակցի հաղորդմամբ, խոսքը միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի մասին է։ Գերմանական Bild-ը պնդում է, որ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Ուսմանովի առանձնատան վրա Բավարիայի Ռոտաչ-Էգերն քաղաքում՝ Տեգերնզե լճի ափին: Տանից առգրավվել են թանկարժեք իրեր, այդ թվում՝ շքեղ մեքենաներ, օրինակ՝ Mercedes Maybach S500:

«Գերմանական իրավապահ մարմինների գործողությունները Ալիշեր Ուսմանովի նկատմամբ մեծ զարմանք և ամոթի զգացում են առաջացնում»,- հայտնել են գործարարի մամուլի ծառայությունից։ Ուսմանովի ներկայացուցիչները հերքում են, որ խուզարկությունները տեղի են ունեցել նրան պատկանող օբյեկտներում։ Միլիարդատերը չի վերահսկում   ժամանակին իր հիմնադրած տրաստի ակտիվները և «չի կարող իմանալ, թե ներկայումս ինչ է կատարվում տրաստին պատկանող գույքի հետ», - ասվում է մամուլի ծառայության մեջ:

«Նշենք, որ խուզարկությունը նման է ահաբեկման և քաղաքական հետապնդման հերթական դրվագին՝ ազգության ակնարկով, որը չի թաքցվում Գերմանիայի մաքսային «Մատրյոշկա» հատուկ քննչական հանձնաժողովի անվանման մեջ», - ասել է գործարարի ներկայացուցիչը։