Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հոկտեմբերի 19-ին, շարունակվել է Արցախյան պատերազմի մասնակից, գյումրեցի ազատամարտիկ, ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչ Ժորա Աթոյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նշենք, որ ազատամարտիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինդատախազության կողմից` «երկար տարիներ կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու եւ գումարներ յուրացնելու համար»: Ըստ գործի նյութերի` Ժորա Աթոյանը 2005-2010 թթ ընթացքում օգտագործելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին կեղծ փաստաթղթեր, ստացել է զինվորական կենսաթոշակ եւ պետական անհատույց աջակցություն՝ պետությանը պատճառելով ընդհանուր առմամբ 8 միլիոն 733 հազար դրամի վնաս:
Ժորա Աթոյանի կարծիքով՝ այսպիսով փորձում են հաշվեհարդար տեսնել իր հետ` քաղաքական հայացքների համար, քանի որ նա Հայ Ազգային Կոնգրեսի համախոհ է:
Դատարանն այժմ անցել է վկաների հարցաքննության փուլի: Այսօր հարցաքննության են ենթարկվել մարդիկ, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել Արցախյան հերոսամարտին: Պետական մեղադրողը հարցեր է հղել, թե արդյոք ճանաչո՞ւմ են Ժորա Աթոյանին մարտի դաշտից, ի՞նչ պայմաններում են նրան տեսել եւ ականատես եղե՞լ են, որ Ժորա Աթոյանը վիրավորվել է Արցախյան պատերազմի տարիներին:
Հարցաքննության է ենթարկվել Վարդան Մայիլյանը, ով Գյումրիի 4-րդ գումարտակի հրամանատարն է եղել: Նա դատարանում ասել է, որ Ժորա Աթոյանին տեսել է մարտի դաշտում, գլխից վիրավոր: «Նա ընկած էր խրամատներում, օգնել եմ բարձրացրել, տարել եմ մեր զորամաս, թեպետ նա Գյումրիի գումարտակից չէր, Մասիսից էր, բայց օգնություն եմ ցույց տվել նրան` որպես անմարտունակ զինվորի»,-ասել է Գյումրիի 4-րդ գումարտակի հրամանատարը:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը պնդում է, որ ազատամարտիկի ներկայացրած` 1994 թվականին մարտական դիրքերում վիրավորված լինելու մասին փաստաթղթերը կեղծ են եղել: 1994 թվականին մարտական դաշտից նա տեղափոխվել է հիվանդանոց, ընդունվել է այլ ախտորոշմամբ, որը կապ չունի ընդհանրապես բեկորային կամ այլ վիրավորման հետ: Իսկ 2005 թվականին այլ ախտորոշմամբ նա ձեւակերպվել է որպես թոշակառու, հաշմանդամ եւ պետությունից ստացել 8 միլիոն դրամից ավելի գումար:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին գյումրեցի նախկին ազատամարտիկներ Հրաչյա Ավետիսյանը եւ Սուսաննա Պետրոսյանը նույն մեղադրանքով դատապարտվել էին համապատասխանաբար 3 տարվա պայմանական ազատազրկման եւ 3 տարվա ազատազրկման:




























