Թերթն անդրադառնում է Ուսանողական այգում կատարվող ծառահատումներին եւ շինարարությանը եւ հիշեցնում, որ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները կազմակերպել էին ստորագրահավաք, որին մասնակցել էր 20 հազար մարդ:

«Նրանք պահանջում էին դադարեցնել Ուսանողական այգու տարածքում բետոնապատ երկու սրճարանների շինարարությունն ու այգին բերել նախկին տեսքին: Այս պահանջին միացան նաեւ ԳԱԱ բազմաթիվ ակադեմիկոսներ, Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ու աշխատակազմը:

Նախաձեռնության անդամները 116 քաղաքացիների հայցը ներկայացրին դատարան` Ուսանողական այգու տարածքում անօրինական շինարարությունը դադարեցնելու պահանջով, սակայն հայցը բոլոր դատարաններում մերժվեց: Սահմանադրական դատարանն էլ մերժեց քննության առնել նախաձեռնության ներկայացուցիչների դիմումը:

Երեկ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունից հայտնել են, որ Ուսանողական այգու Տերյան փողոցի կողմից կառուցվող հսկայական շինությունը պատկանում է Հայաստանի նախագահի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին: Համաձայն արդարադատության նախարարության իրավաբանական պետական ռեգիստրի գործակալության տեղեկանքի` Ռուզաննա Բեգլարյանը 2009-ին դարձել է Ուսանողական այգին կառուցապատող «Արմեն» ՍՊԸ-ի հիմնադիրը: Հենց այդ ժամանակահատվածում այգում մեկնարկեց շինարարությունը: Տարիներ շարունակ այգու տարածքում գործել է փայտե սրճարանը («Յոլկի-Պալկի»), որը վարձակալության ժամկետի ավարտից հետո կարելի էր առանց որեւէ դժվարության ապամոնտաժել: Սակայն այժմ այգու տարածքում կառուցվող սրճարանը մի քանի հարկանի բետոնապատ շինություն է, որը գրավում է երկու անգամ ավելի մեծ տարածք, քան Երեւանի քաղաքապետարանի տրամադրած հատակագծային մակերեսում: Սրճարանը Վիկտոր Համբարձումյանի արձանի ու փոքր աստղադիտարանի հարեւանությամբ է: Տարածքը համարվում է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտի: Հետեւաբար մինչ սրճարանի կառուցման թույլտվություն տրամադրելը քաղաքապետարանը պետք է սահմանված կարգով հարցը համաձայնեցներ ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի արվել»,- գրում է թերթը: