Ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք եկամուտներ են ստանում Հայաստանում, 10 տոկոս շահութահարկ կվճարեն իրենց շահաբաժիններից։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը։

Ըստ նրա՝ նշանակություն չունի, թե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը որ երկրում է գրանցված, կամ՝ նույնիսկ եթե գործում է օվշորային դաշտում։ «Եթե նրանք Հայաստանում եկամուտներ են ձեռք բերում, ապա կվճարեն 10 տոկոս շահութահարկ»,-նշեց Ա.Ալավերդյանը։ Նրա խոսքով՝ շահութահարկի նվազ վճարման համար ոչ ռեզիդենտ կազմակերպությունների դեպքում հաշվի կառնվեն առկա համապատասխան միջպետական պայմանագրերը։ «Օրինակ՝ Ռուսաստանի հետ կնքված համապատասխան պայմանագիր կա, ըստ որի՝ նման դեպքերում նախատեսվում է 5 տոկոսի հարկում, հետևաբար ռուսական ընկերությունների դեպքում այս նորմը կկիրառվի»,-վստահեցրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը։ Ըստ նրա՝ շահութահարկի մասին օրենքում նախատեսվող այս փոփոխության պատճառն այն է, որ ոչ ռեզիդենտ կազմակերպությունները եկամուտներ ստանալիս Հայաստանում ներդրումներ չեն կատարում, այլ պարզապես գումարներն արտահանում են երկրից։