Թերթը գրում է, որ իր ունեցած հավաստի տեղեկություններով` առաջիկայում խիստ հետաքրքիր իրողությունների ականատես կդառնանք: «Ինչպես արդեն բազմիցս նշվել է, Սերժ Սարգսյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մտադիր է (եւ այդ մասին բաց տեքստով հայտարարել է) երիտասարդացնել ապագա խորհրդարանականների ցուցակը եւ այնտեղից դուրս մղել ՀՀԿ-ական գործարարներին: Ռուբեն Հայրապետյանի` առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու հայտարարությունից հետո խիստ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: ՀՀԿ վերնախավը մնացած գործարարներին խորհուրդ է տալիս հետեւել Հայրապետյանի քայլին: Սակայն ոչ ոք մտադիր չէ հրաժեշտ տալ բաղձալի «անձեռնմխելիությանը», եւ շատերը ճանապարհներ են փնտրում ՀՀ նախագահի բարեհաճությանն արժանանալու համար: Սակայն առաջին հայացքից տարօրինակ որոշում է կայացվել: Նրանք, ովքեր կփորձեն խցկվել ցուցակի մեջ, գործ կունենան 6-րդ վարչության հետ: Որոշվել է, որ վերջինս կմտնի ՀՀԿ-ական գործարարների ձեռնարկություններ, կոպիտ օրինախախտումներ կհայտնաբերի: Եվ պատգամավոր-գործարարն ստիպված կլինի մոռանալ պատգամավորական ցուցակի մասին` շնորհակալ լինելով, որ իր բիզնեսին չեն կպչում:
Այնպես որ, հարգելի ՀՀԿ-ական պատգամավորներ, օրինակ վերցրեք Ռուբեն Հայրապետյանից, որն ստիպված արդեն 4-5 անգամ կրկնում է իր որոշումը, իսկ դուք «ուղտի ականջում քնած եք»»,- գրում է «Հայացք»-ը:




























