Հայաստանում հանցագործ համակարգը սերտաճած է իշխանությունների հետ եւ դրա մասին ասում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով Շառլ Ազնավուրի մեծ աղմուկ հանած հարցազրույցին, որտեղ նա քննադատել էր Հայաստանի իշխանություններին, ներքաղաքական վիճակը եւ այլն:
«Շառլ Ազնավուրն ուղիղ ասաց, որ մաֆիան դատարկում է Հայաստանը: Երբ մենք ենք ասում, ասում են` ընդդիմությունն է, պետք է ասի, իսկ սա արդեն քայլ էր ներսից եւ ասում է Շառլի պես անձնավորությունը, որին պետք է պատասխան հնչեր»,- ասաց նա` հավելելով, որ երբ իրենք հայտարարում էին, որ մեր պետությունը վերածվել է ավազակապետության` հաշվի են առնում մի շարք հանգամանքներ` մարդկանց կենցաղը, բանակում տիրող իրավիճակը, ոստիկանությունում տիրող իրավիճակը, համընդհանուր թալանը, անջրպետը հարուստների եւ աղքատների միջեւ:
Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ իշխանությունները պետք է պատասխանեն Շառլ Ազնավուրին` «կամ հետ կանչեն դեսպանին` ասելով, որ նա զրպարտել է իր հայրենիքը, կամ էլ համաձայնեն նրա հետ, դուրս գան եւ ասեն, որ մենք պայքար ենք մղելու մաֆիայի դեմ»:
Նրա խոսքով` բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որոնք ցույց են տալիս, որ մեր երկրում օրենք գոյություն չունի: Գուրգեն Եղիազարյանի կարծիքով` Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, պաշտոնական դիրքի չարաշահման համար կալանավորված Մարգար Օհանյանը նստած է մեկ ուրիշի փոխարեն: «Եթե երեք տարի այդ մարդը թալանով է զբաղվել, որտե՞ղ էր Ալիկ Սարգսյանը, եթե չես հասկացել, ապա ինչո՞ւ ես ոստիկանապետ, եթե հասկացել ես, ուրեմն` տեղերով փոխվեք Մարգար Օհանյանի հետ»,- եզրափակեց ՍԴՀԿ ներկայացուցիչը:
Հարցին, թե ե՞րբ է ձեւավորվել մաֆիան, բանախոսը պատասխանեց` մ.թ.ա. 55թ Տիգրան Մեծի ժամանակ, իսկ, նրա կարծիքով, «Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մաֆիա չկար, որովհետեւ կոմունիստների ժամանակ մաֆիա չի եղել»:




























