Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, գոկտեմբերի 19-ին, Գարեգին Բ-ն ընդունել է Մոսկվայի հոգեւոր ակադեմիայի ռեկտոր, Մոսկվայի թեմի առաջնորդական փոխանորդ Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենիին:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Գարեգին Բ-ն ընդգծել է, որ քույր Եկեղեցիների ներկայացուցիչների նման այցելությունները հարմար առիթ են ավելի մոտիկից ծանոթանալու Հայ առաքելական եկեղեցուն եւ մեր հավատավոր ժողովրդին, դարերի հոլովույթում նրա կերտած ազգային-հոգեւոր արժեքներին:
Զրույցի ընթացքում կարեւորվել է երկու Եկեղեցիների միջեւ առկա ջերմ եւ եղբայրական հարաբերությունները, մասնավորապես, հոգեւոր կրթական հաստատությունների միջեւ ձեւավորված համագործակցությունը:
Կաթողիկոսն անդրադարձել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Սանկտ-Պետերբուրգի հոգեւոր ակադեմիայի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրին: Նա խոսել է նաեւ հոգեւորականների պատրաստության մասին, տեղեկացնելով, որ իր գահակալության տարիներին շուրջ երեք հարյուր եկեղեցականներ են ձեռնադրվել եւ ծառայության կոչվել Հայ Եկեղեցու անդաստանում: Նրա խոսքով, Հայստանում գործող երեք կրթական հաստատությունները` Գեւորգյան հոգեւոր ճեմարանը, Սեւանի Վազգենյան դպրանոցը եւ Հառիճավանքի ընծայարանը, ինչպես նաեւ բարձրագույն կրթությամբ երիտասարդների համար բացված քահանայից լսարանները պիտի լրացնեն եկեղեցականների պակասը:
Իր հերթին Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենին նշել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հետ համագործակցելու իրենց մտադրության մասին:

























