Երեւանում, այսօր` հոկտեմբերի 20-ին, անհայտ պատճառներով ջրազրկվել էր Արաբկիր վարչական շրջանը: «Երեւան Ջուր» ընկերության աշխատակիցների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պատճառը բնակիչների ինքնագործունեությունն է:
«Երեւան Ջուր» ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովսեփ Էմին եւ Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում գտնվող դիտահորի հիմնական հանգույցների միջոցով իրականացվում է վերոնշյալ վարչական շրջանի ջրամատակարարումը, որի փականները կարգավորում են ջրի ճնշումը: Տեղի բնակիչներն ինքնակամորեն պտտեցրել են փականը` խոչընդոտելով ջրամատակարարման ընթացքին:
«Երեւան Ջուր» ՓԲԸ մասնագետներն արդեն կարգավորել են խնդիրը, եւ երեկոյան ողջ համայնքի ջրամատակարարումը լիարժեքորեն վերականգնված կլինի:
«Ի դեպ, նման միջադեպեր քանիցս կրկնվել են, ուստի, հորդորում ենք մեր համաքաղաքացիներին ինժեներական գործունեություն չծավալել Ընկերության փորձառու մասնագետների փոխարեն: Այլապես, անհիմն պատճառներով խափանվում է Երեւանի տարբեր վարչական շրջանների ջրամատակարարումը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:


























