Հայ ազգային կոնգրեսը գնալու է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների եւ ամեն ինչ անելու է, որ դրանք լինեն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է ավելի վաղ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված մտքին, որ հրաժարվում են արտահերթ ընտրությունների պահանջից եւ այժմ առաջնահերթ է դառնում Սերժ Սարգսյանի հրաժարականը, բանախոսը այսպես մեկնաբանեց. «Եթե Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն է դրված, հետեւաբար, այդ մարդը բարով- խերով հրաժարական տվեց, դրան կհաջորդեն արտահերթ ընտրությունները: Տրամաբանական չէ՞, բարով- խերով այդ մարդը որ գնա, կլինեն նախագահական, ու անմիջապես հետո խորհրդարանական ընտրություններ»: 

Գուրգեն Եղիազարյանը հավատում է, որ կլինեն արտահերթ ընտրություններ: «Ես համարում եմ, որ երկխոսություն սկսելը ՀԱԿ-ի կողմից ճիշտ էր ու ժամանակին: Այո, մենք ընտրեցինք այդ ճանապարհը, որ գանք արտահերթ ընտրությունների: Իշխանությունները, տեսնելով, որ մենք ընտրել ենք ամենախաղաղ ճանապարհը, դրանից հետ կանգնեցին, ՀԱԿ-ն այստեղ մեղք չունի»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հանրահավաքների մեծաքանակ կամ փոքրաքանակ լինելուն, ապա ՍԴՀԿ ներկայացուցչի խոսքով` իրենք գալու ենք իշխանության սահմանադրական ճանապարհով եւ այստեղ թվաքանակն ամենեւին նշանակություն չունի:  Նրա խոսքով` իրենք իրավունք չունեն գնալ այնպիսի քայլի, որի արդյունքում թուրքերին տարածք զիջեն եւ Ղարաբաղը վտանգեն: Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 28-ին: