Նախագահական նստավայրում «Բանակն իրականում» նախաձեռնության բողոքի ակցիան անցավ ավելի խաղաղ, քան կառավարության շենքի դիմաց: Երբ ցուցարարները հասան նստավայր, ոստիկաները պատնեշել էին ոչ միայն նախագահականի վանդակաճաղերը, այլեւ դիմացի մայթը, որը ակցիայի մասնակիցներն այդպես էլ չկարողացան ճեղքել ու փողոցն անցնել:
Բողոքի ակցիան, մոտ երկու ժամ, տեղի ունեցավ մետրոյի դիմաց: Ոստիկանները ամբողջ ընթացքում լարված հետեւում էին` թույլ չտալով նրանց անգամ մայթի եզրաքարերը շրջանցել:
Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը մարտական էր տրամադրված, ուշի ուշով հետեւում էր քաղաքացիների պահվածքին` պարբերաբար ներքաշվելով նրանց հետ թեժ զրույցի մեջ:
Ուշագրավն այն էր, որ քաղաքացիների հետ բանավեճը սկսեց բարոյականության թեմայով, օրինակ որ բարոյական չէ, երբ ցուցարարները ոստիկանների հետ կոպիտ են շփվում եւ ոչ կոռեկտ արտահայտություներ անում: Չնայած քաղաքացիների հարցադրումներին, թե որքանո՞վ է բարոյական ոստիկանների պահվածքը, երբ խոչընդոտում են բողոքի ցույց անելու քաղաքացիների սահմանադրական իրավունքն ու «արա»-ով խոսում քաղաքացիների հետ, մնացին անպատասխան:
Ոստիկանների շղթան ակցիայի կազմակերպիչները չճեղքեցին բողոքի ակցիայի ողջ ընթացքում, շարունակելով ակցիան դիմացի մայթին:
Այնուհետեւ դեպքի վայր եկավ Լարիսա Ալավերդյանն ու հայտնեց, որ կենտրոնի բաժնում գտնվող Վարդգես Գասպարիին, թեկուզ երեք ժամվա համար իրավաբան է հարկավոր, հույս հայտնելով, որ նրան չեն ձերբակալի:
Ի դեպ քաղաքացիները պահանջում էին, որ որեւէ մեկը դուրս գա նախագահականից եւ լսի իրենց պահանջները, սակայն ոչ ոք չարձագանքեց: Ի տարբերություն նախորդ անգամների, նույնսիկ Պաշտպանության նախարարությունից ոչ ոք չեկավ: Երբ սկսեց անձրեւ տեղալ, ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ոստիկանության կենտրոնի բաժին` ակցիան շարունակելու արդեն ի պաշտպանություն Գասպարիի:




























