Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի մեջ ընդգրկված տղամարդկանցից երկուսը չեն ծառայել բանակում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին` մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողների հարցին ի պատասխան` տեղեկացրեց  այդ խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը` հավելելով, որ խորհրդում ընդգրկված անձինք հայտնի եւ շատ արժանավոր մարդիկ են:

Բանակում չծառայած անդամներ են  Հակոբ Թադեւոսյանը եւ Դավիթ Ջամալյանը, ովքեր, նրա խոսքով, անցել են համապատասխան տարկետումների օրենքով սահմանված համակարգով:

Նշենք, որ  ՊՆ-ին առընթեր հասարակական խորհուրդը ստեղծվել է 2009թ հասարակության հետ հարաբերությունները ամրապնդելու նպատակով: Խորհուրդը աշխատում է երկու հիմնական ուղղությամբ` հասարակության օժանդակությունը բանակին եւ վերահսկողական գործառույթը բանակում: Այժմ նրանք աշխատում են ինտերնետային կայքի ստեղծման ուղղությամբ: «Տեսնում ենք երեւույթներ, պրոբլեմներ, որոնք աշխատում ենք ընդհանրացնել, աշխատում ենք նաեւ հանդես գալ առաջարկություններով, որոնք ներկայացվում են պաշտպանության նախարարին»,- նշեց Գեղամ Հարությունյանը: Նրան բավարարում է վերաբերմունքը խորհրդի գործունեության նկատմամբ, իրենց առաջարկությունները ընկալվում են եւ մեծամասամբ ընդունելի են լինում: Նա նշեց, որ խորհուրդը բաց է համագործակցության համար, խորհրդի մեջ ընդգրկված են 12 հասարակական կազմակերպություններ, բազմաթիվ անձինք:

Հարցին, թե ինչպե՞ս են ընտրվել խորհդրի անդամները, Գեղամ Հարությունյանը բացատրեց, որ նախապես արվել է հայտարարություն, 67 հայտ է ստացվել համագործակցության համար, որոնցից ընտրվել է 12 կառույց 3 տարի ժամկետով:  Խորհրդի 4-5 ներկայացուցիչներին ընտրում է Պաշտպանության նախարարը, այնուհետեւ նրանք էլ ընտրում են մնացածներին: «Այսօրվա ակտիվ գործունեություն իրականացնող եւ բողոքի ալիքի մեջ ներգրաված կառույցներից ոչ մեկը հայտ չի ներկայացրել հասարակական խորհրդում լինելու համար»,- նշեց Գեղամ Հարությունյանը` հավելելով, որ կան հասարակական կազմակերպություններ, որոնք դիմում են խորհրդին, կամ նաեւ այնպիսիք, որոնք խուսափում են: «Խորհրդի ստեղծումը ամենեւին չպետք է ընկալել որպես պատնեշ բանակի եւ հասարակության միջեւ: Խորհուրդը հասարակական ներկայացուցչական մարմին է, բայց հասարակական կազմակերպություն չէ»,- նշեց նախագահը: Խորհուրդն առաջարկում է կազմակերպել մինչեւ 35 տարեկան հոգեբանների երկամյա զորակոչ, բանակում ներդնել սոցիալական աշխատողների ինստիտուտը: Եթե կազմակերպվի այդ զորակոչը, ապա, Գեղամ Հարությունյանի խոսքով, հնարավոր է, որ խորհրդի չծառայած երկու անդամները եւս զորակոչվեն:

Նշենք, որ բանակում տիրող վիճակի եւ արձանագրվող դեպքերի մասին վերջերս ակտիվորեն բարձրաձայնում են «Բանակն իրականում», «Չենք լռելու» եւ այլ նախաձեռնություններ: Հատկապես ակտիվ է «Բանակն իրականում» նախաձեռնությունը, որը բողոքի ակցիաներ է կազմակերպում բանակում սպանված զինվորների ծնողների մասնակցությամբ: