Կա արմատացած խոր անվստահություն բանակում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ իրականացվող քննությունների նկատմամբ, այդ երեւույթը ձեւավորվել է տարիների ընթացքում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ բանակի նկատմամբ վստահություն կորում է, երբ ծնողները տեսնում են, որ հարուցված քրգործերը չեն բացահայտվում:
Նրա կարծիքով` խնդիրը նաեւ այդ երեւույթը հաղթահարելու մեջ է: «Պատասխանատուները փորձում են քայլեր ձեռնարկել, որպեսզի նոր տեղի ունեցող դեպքերի հետ կապված բացահայտումները լավ լինեն, համենայն դեպս տեսնում ենք այդպիսի հավաստիացումներ»,- նշեց նա` հավելելով, որ որոշակի հասարակական սեգմենտների կողմից միտում է նկատում` թույլ չտալու դա: «Ի՞նչ է նշանակում, երբ իրավապաշտպանը զանգահարում է ծնողին եւ ասում է, որ քո տղայի հետ էսպիսի-էսպիսի բաներ են արել: Ընդ որում` մի բան, որ ցանկալի չէ որեւիցե երիտասարդի շուրջ այդպիսի բան պտտվի: Ծնողը զանգում է եւ ասում, հարցնում են` որտեղից ես իմացել, ասում է` էսինչ իրավապաշտպանն է ասել»,- նշեց Գեղամ Հարությունյանը, հրաժարվելով նշել իրավապաշտպանի անունը: «Գնացեք կարդացեք, թերթերում կան: Ես հո ձեր մամլո քարտուղա՞րը չեմ, կամ ձեր օգնականը չեմ այդ գծով, որ ձեզ այդպիսի տեղեկություններ տամ»,- ասաց նա:
Գ. Հարությունյանի վստահեցմամբ` միանաշանակ բոլոր դեպքերը արձանագրվում են եւ յուրաքանչյուր ծանր դեպքի հետ կապված եռաստիճան քննություն է իրականացվում` ծառայողական, նախաքննական եւ դատավարական: «Կայացվում են դատավճիռներ, մեղավորները պատժվում են, մասամբ դա բավարարում է, մասամբ` ոչ»,- նշեց նա:
Հարցին, թե դուք բավարարվա՞ծ եք այդ վճիռներով, նա պատասխանեց, որ ինքը բավարարված չէ այս երեւույթի ընկալմամբ: Հասարակական խորհրդի նախագահը,սակայն, չկարողացավ նշել, թե բանակում նախորդ տարի արձանագրված 54 մահվան դեպքերից քանիսն են բացահայտվել, քանի որ իր ձեռքի տակ չկա վիճակագրություն:


























