Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին անպարկեշտ արտահայտություններ է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հասցեին։
«Ահա Մաշա Զախարովան, ով, ընդհանուր առմամբ, այնքան էլ չի սիրում հրեաներին, և նա տանել չի կարողանում Իսրայելը և իրականում չի թաքցնում դա։ Եվս մեկ աղաղակող տականք, որը մեզ մոտ, այնուամենայնիվ, ԱԳՆ խոսնակ է»,- ասել է Սատանովսկին։
Ինչպես հաղորդում է Дождь-ը, Սատանովսկին խոսել է նաև փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի մասին, ով, ինչպես փորձագետն է ասում տեսանյութում, «դեռևս Կահիրեում դեսպան լինելով խմում էր խելագարի պես»։
«Նա (Բոգդանովը) Իսրայելի դեմ ոչ մի վատ բան չի ուզում, բայց նա 71 տարեկան է։ Նա պետք է մտածի ապագայի մասին, իսկ Իսրայելը գումար չի վճարում։ Իսկ փողերը լողում են իսլամական աշխարհում»,- հավելել է Սատանովսկին։
Ավելի ուշ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Սատանովսկու խոսքերի համար ներողություն խնդրեց Զախարովայից և Բոգդանովից, ինչպես նաև խոստացավ հեռացնել նրան իր ալիքից։
«Օրեր առաջ Եվգենի Յանիչ Սատանովսկին իսրայելցի լրագրողի Youtube-ի ալիքում՝ նրա հետ զրույցում, մեկնաբանելով իրավիճակը Մերձավոր Արևելքում, վիրավորել է և՛ հարգարժան դիվանագետներին, և՛ արտաքին գործերի նախարարությանը, արդյունքում ես Եվգենի Յանիչի հետ մասնագիտական շփումը շարունակելու հնարավորություն չեմ տեսնում և որոշել եմ Եվգենի Յանիչ Սատանովսկուն հեռացնել մեր ալիքից»,- ասել է Վլադիմիր Սոլովյովը Telegram-ում հրապարակված տեսաուղերձում։





























