Տեսաձայնագրող սարքերի օգտագործումը բուժհաստատությունների ֆունկցիոնալ եւ ախտորոշման աշխատասենյակներում, ինչպես նաեւ վիրահատարաններում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ զուգարաններում, կտրականապես կարգելվի։ Այս մասին Ազգային ժողովում, «Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 24-ին ասել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նրա խոսքով՝ բուժծառայություններ մատուցող կազմակերպություններում տեսախցիկների օգտագործման դեպքում պետք է նախազգուշական նշաններ տեղադրվեն։ Դրանք պետք է լինեն երեւացող տեղում։ Տեսախցիկների օգտագործմամբ ստացված տվյալները, նշել է նա, կներկայացվեն գործող օրենսդրությանը համապատասխան։
Այս օրենքի ընդունման կարեւորությունը բխում է բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրները բացառելուց։
Կառավարությունն աջակցել է այս օրենսդրական նախաձեռնությանը։




























