Կատարի միջնորդները ՀԱՄԱՍ-ին կոչ են անում արագացնել պատանդների ազատման տեմպերը՝ դրանցում ներառելով Գազայում պահվող կանանց եւ երեխաներին, եւ դա անել՝ չսպասելով Իսրայելի զիջումներին, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով դիվանագետներին։
Կատարը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ միջնորդական բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի իշխանությունների հետ ավելի քան 200 պատանդների ազատ արձակման առիթով, որոնք վերցվել են հոկտեմբերի 7-ի հարձակման հետեւանքով։
ՀԱՄԱՍ-ը երկուշաբթի ազատել էր երկու իսրայելցի կանանց, մինչ այդ ամերիկա-իսրայելական երկքաղաքացիություն ունեցող եւս երկու պատանդի։ Կատարն այժմ քննարկում է ավելի մեծ թվով պատանդների ազատ արձակման հարցը ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի հետ, Reuters-ին տեղեկացրել է աղբյուրը՝ նշելով, որ բանակցություններն առաջ են ընթանում։
Բանակցությունները չեն վերաբերում իսրայելցի զինվորներին, տեղեկացրել են դիվանագետները եւ բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները։ ՀԱՄԱՍ-ը հավաստիացնում է, որ գերի վերցված զինվորները ռազմավարական ակտիվ են, որը խմբավորումը կարող է փոխանակել Իսրայելի խոշոր զիջումների դիմաց։





























