Տավուշի մարզի Բերդ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է 2010թ-ին Տավուշի մարզի «Մեհրաբներ» կոչվող հենակետային դիրքերից մեկում մահացած (պաշտոնական վարկածով ինքնասպան եղած) սպա Արտակ Նազարյանի գործով հերթական նիստը: Դատաքննության ընթացքում բավարարվել է տուժողի իրավահաջորդ Արտակ Նազարյանի մոր փաստաբանի` Մուշեղ Շուշանյանի ներկայացրած միջորդությունը, այն է դատական արտագնա նիստեր անցկացնել մայրաքաղաքում: Այսինքն այսուհետ Արտակ Նազարյանի գործով դատական նիստերը լսվելու են ոչ թե Տավուշում, այլ` Երեւանում:
Ամբողջ ժամանակահատվածում, ինչ սկսվել է գործի քննությունը, տուժող կողմի ներկայացուցիչն ամեն դատական նիստի հանդես էր գալիս միջնորդությամբ, այն է, նիստը տեղափոխել Երեւան կամ անցկացնել արտագնա նիստ Երեւանում՝ պատճառաբանելով, որ գործին մասնակից գրեթե բոլոր կողմերը Երեւանից են եւ նրանց համար Տավուշ հասնելը բավականին դժվար է, պահանջում է 5 ժամ եւ պետական ֆինանսական միջոցների վատնում է: Սակայն ամեն անգամ դատարանը մերժում էր այս միջնորդությունը տարբեր պատճառաբանություններով:
«Այս անգամ մեր փաստաբանի միջնորդությունը բավարարեցին: Ասում են դատարանը նույն կազմով պիտի տեղափոխվի Երեւան, բայց չգիտեմ, թե որ դատարանում, կոնկրետ օր էլ չնշեցին՝ ասեցին նոյեմբերի 14-ին, 15-ին, կամ 16-ին: Բայց կարեւորն այն է, որ Երեւանում է, մինչեւ հասնում էի Բերդ երեք անգամ վատանում էի»,-NEWS am-ի թղթակցին ասել է Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Նազարյանը: Նա նաեւ փոխանցել է, որ տուժող կողմի շահերը այսուհետ կպաշտպանի ոչ թե մեկ, այլ` երկու փաստաբան: Իսկ շարքային մեղադրյալներից երեքը հրաժարվել են հանրային պաշտպանից եւ միջնորդություն են ներկայացրել դատարանին՝ ժամանակ տրամադրել, որպեսզի զբաղվեն նոր պաշտպանի փնտրտուքներով:


























