Արցախյան վերջին պատերազմի և բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում հաստատված Արցախի մեդիաոլորտի ներկայացուցիչները ևս ստիպված են բախվել բազմաթիվ մարտահրավերների՝ սոցիալական խնդիրներից մինչև աշխատանք: Նախքան 2023թ. պատերազմն ու հայաթափումը Արցախում  գործել է շուրջ 20 լրատվամիջոց, այդ թվում՝ Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը, «Ազատ Արցախ» հանրապետական պաշտոնաթերթը։ Դրանցից զատ գործել է նաև շրջանային մամուլ, կուսակցական մամուլ, ոչ պետական մամուլ և առցանց տեղեկատվական հարթակներ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Արցախում ակտիվ գործունեություն է ծավալել է ավելի քան 100 լրագրող:

NEWS.am-ը զրուցել է Արցախից տեղահանված բանասեր-լրագրող, Արցախի ժուռնալիստների միության անդամ, ԱՄՆ գրողների միության անդամ Լուսինե Զաքարյանի հետ: Վերջինս 2012-ից մինչև  2020 թվականը եղել է Մարտակերտի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը, այնուհետև աշխատանքի է անցել Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունում, եղել է  «Կոչեմ ապրողաց»  հաղորդաշարի հեղինակ- խմբագիրը՝ միաժամանակ աշխատելով «Ազատ Արցախ» հանրապետական թերթում:

Լուսինե Զաքարյանը մասնագիտական գործունեության տարիների մեծ մասը նվիրել է  ռազմական ոլորտի լուսաբանմանը՝  այցելելով ՊԲ զորամասեր և  մարտական դիրքեր՝ տեղում ներկայացնելով բանակի խնդիրներն ու զինվորական առօրյան: Պարգևատրվել է պետական և գերատեսչական մեդալներով և մի շարք պատվոգրերով,արժանացել «Լավագույն խմբագիր» մրցանակի:

10356725_963202127092165_594655504283584127_n.jpg (47 KB)

Լուսինե Զաքարյանը, ով ականատես է եղել Արցախյան չորս  պատերազմների, երբեք չի լքել Արցախը պատերազմական օրերին: Պատերազմական իրադարձությունները լուսաբանելուց զատ, մարտակերտցի լրագրողը ռազմական գործողությունների թեժ կետեր է հասցրել դիրքերում կռվող  մարտիկների առաջին անհրաժեշտության պարագաներ: Ներկայացնում ենք Լուսինե Զաքարյանի հետ NEWS.am-ի հարցազրույցն ամբողջությամբ:

Տիկին Զաքարյան, Դուք վերջիններից էիք, որ հեռացաք Մարտակերտից… Արդյոք երբևէ պատկերացրե՞լ եք իրադարձությունների նման շրջադարձային ընթացք:

Հայրենիքը սիրում է, որ իրեն նվիրվում ու փայփայում ես, ու  երբ գալիս է պահ, որ պիտի լքես քո այդքան սիրելի  Հայրենիքը, դա աննկարագրելի է… Մարտակերտից հեռանալու մղձավանջային այդ օրը սեպտեմբերի 25-ն էր, որը ցավով եմ հիշում. այդ օրը մարտակերտցիների վերջին օրն էր՝ հարազատ բնօրրանում գտնվելու…

14524472_1167001343378908_408226109258870078_o.jpg (55 KB)

2020 թվականի 44 –օրյա պատերազմի ժամանակ և հետո, ես միշտ վախենում էի հայրենիքն ամբողջությամբ կորցնելուց, քանի որ այդ դաժան պատերազմի ժամանակ մենք կորցրեցինք ամենաթանկերին, ու դրանից հետո դեռ  շարունակում էինք կորցնել: Մարտակերտի բնակչության մեծ մասը  գիտեր, տիրապետում էր իրադրության ընթացքին, զգում էր, որ թշնամին կրկին կհարձակվի մի բուռ մնացած Արցախի վրա: Եվ ինչքան էլ ամուր կառչած ես հողիդ ու ջրիդ, միևնույն է, գալիս է պահ, որ անհնարին է դառնում դիմադրելը և ստիպված ես անել քո կամքին հակառակը, այսինքն  քո տնից ու  երկրից հեռանալ…

Ըստ ձեզ, հնարավո՞ր էր կանխել Արցախի բռնազավթումն ու հայաթափումը:

Ես միշտ իմ հեղինակային նյութերում գրել եմ, որ Հայոց բանակի զինվորը շատ ուժեղ է, և միշտ էլ մնում եմ նույն կարծիքին…

16996411_1313507075395000_1349244591505619250_n.jpg (54 KB)

Այո, զինվորը կռվող է, ուժեղ է, բայց պետք է զինված լինի այդ զինվորը , որ կարողանա  թշնամուն զարկ տալ, կարողանա  հաղթել այսօրվա  գերհզոր զինատեսակներով զինված թշնամուն: Ու մեր մարտիկներն այնքան էին ուժեղ ու մարտական բարձր ոգով,  որ 44 օր շարունակ դիմադրել են մինչև իրենց արյան վերջին կաթիլը այդ մի քանի պետությունների գերհզոր զենքերի դեմ:  Բայց ցավոք, ինչքան էլ դիմադրեն, չեն կարող բազմահազարանոց զինյալների դեմ կռվել, որոնց փոխարեն կռվում էին անօդաչուները: Մոտ տասը ամիս շրջափակված ու սովի մատնված Արցախում ռազմական ճանապարհով  հնարավոր չէր կանխել թշնամու առաջխաղացումը: Մենք երևի թե անելիք ենք ունեցել  դիվանագիտական դաշտում, գուցե և այդ ճանապարհով  կանխվեր Արցախի հայաթափումը:

Լրագրողները, լինելով չորրորդ իշխանության կրողներ, կարևոր առաքելություն ունեն հասարակության և պետության կյանքում: Լուսաբանելով պատերազմը, մեր հերոսների անցած ուղին,  Դուք գործ եք ունեցել առաջին հերթին մարդկային ճակատագրերի հետ: Ի՞նչ հետք է թողել ձեր կյանքում ձեր լրագրողական գործունեությունը: Դժվար չէ՞ այդքան ծանր դեպքերի ու ողբերգական ճակատագրերի մասին գրել ու մնալ ամուր:

Ձեր հարցը ինձ համար չափազանց զգացմունքային է: Այո, ես իմ լրագրողական գործունեության տարիներին  միշտ անդրադարձել եմ դժվարին և շատ նուրբ թեմաների, գրել եմ նաև նահատակ և հրաշքով ողջ մնացած լեգենդների մասին, հրամանատարների, գեներալների, ընդհանրապես նաև բարձրաստիճան սպաների մասին:

22852890_1547546851991020_504994350916665315_n.jpg (57 KB)

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ես ուսանող եմ եղել, հրթիռահրետակոծությանը դեռ այն ժամանակից եմ սովոր: Լավագույն ուսանող-ընկերներ եմ կորցել, շատ վատ տեսարաններ եմ տեսել դեռևս այն ժամանակվանից:  Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն էի, եղել եմ դիրքերում, ականատես եղել շատ դեպքերի: Թերթում միշտ գրել եմ մեր հերոսների, նրանց մարտավարության և սխրանքների մասին: Հատուկ անդրադարձ եմ կատարել զինվորների կյանքին: Տասներեք տարի շարունակ այցելել եմ մարտական դիրքեր, ու զինվորների մասին նաև գրել թերթում: Թերթը նույնիսկ հասցրել եմ դիրքեր՝ Մարտակերտի, Մատաղիսի, Թալիշի, Եղիկների մարտական դիրքերի զինվորներին: Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ ես դուրս էի եկել աշխատանքից, բայց մինչև վերջ մնացել եմ Մարտակերտում:

393718129_1265294940832183_3105022622323782441_n.jpg (36 KB)

Այնուհետև աշխատանքի անցա Արցախի Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակային հաղորդում սկսեցի զոհված տղաների մասին, որն անվանեցի «Կոչեմ ապրողաց»: Ես շատ զինվորականների էի անձամբ ճանաչում, և ինձ համար չափազանց դժվար էր անմահացած մարտիկների մասին հաղորդում պատրաստելը: Ինձ պարտավորված էի զգում հանրությանը մատուցել, թե ինչպիսի մարտիկի է կորցրել ազգը, բանակը: Այդ ամենը ներկայացնելու համար համարձակություն և մեծ կամքի ուժ էր պետք: Պատկերացրեք, երբ քո դեմ նստած է որդիներ կորցրած մայրը, ու դու պետք է նրա հետ խոսես իր զոհված տղայի մասին՝ մանկությունից սկսած մինչև զոհվելու օրը… ընթացքում արցունքներս զսպում էի մի կերպ, ուժեղ էի ձևանում, իհարկե, բայց շատ դժվար է: Յուրաքանչյուր հաղորդում պատրաստելիս ամեն մեկի համար հինգ անգամ  ապրում և վերապրում ես  պահը: Իսկ նկարահանման օրն ուղղակի ջախջախվում էի, փլվում…

Ձեր մասնագիտական գործունեության մեծ մասը կապված է Մարտակերտի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի հետ, արդյոք այս ընթացքում հաջողվե՞լ է որոշակի արխիվային փաստաթղթեր փրկել: Առհասարակ, ինչ-որ խորհրդանշական իր կամ մասունք վերցրե՞լ եք ձեզ հետ, որը ձեզ ուժ է տալիս և հիշեցնում Մարտակերտում ապրած տարիների մասին:

Մոտ քսան տարի «Ջրաբերդ» պաշտոնաթերթում եմ աշխատել, որից ութ տարին՝ որպես գլխավոր խմբագիր: Նաև անձնական արխիվ ունեի,  բոլոր պատերազմներից փրկել եմ և խնամքով  պահում էի տանը: Բնականաբար ունեի մեծ գրադարան, նվերներ, հուշանվերներ, պատվոգրեր, մեդալներ և այլն… Բոլորը թողել եմ Մարտակերտում: Ինձ հետ հանել եմ միայն իմ խմբագրած թերթերի արխիվից մի քանի համար և մարտական դիրքերից բերած զինվորների նվիրած Նոր Կտակարաններից մեկ հատ՝ որպես հիշողություն, մասունք, միաժամանակ՝ որպես պահապան…

395118748_1420566701830321_4657342832488170420_n.jpg (38 KB)

Ինձ հետ վերցրել եմ նաև մարտակերտցի փորձառու լրագրող-հրապարակախոս, երջանկահիշատակ Սլավա Մոսունցի «Կենաց ծառեր» (Տոհմածառ) հաստափոր գիրքը, որն այնքան հարազատ է ինձ: Սլավա Մոսունցի հետ ես աշխատել եմ, ու նրանից շատ բան եմ սովորել՝ որպես լրագրող:

Ստեփանակերտում գտնվելու վերջին օրը Ստեփանակերտի Մայր Տաճարի սպասավորը ինձ օծված վարդի խունկ է տվել ու սրբապատկերներ, դա ևս ինձ հետ բերել եմ… Արցախը միշտ իմ մտքում և սրտում է, իսկ հայացքս դեպի Մարտակերտ, որը մինչև այժմ ուժ  է տալիս ինձ…

395741745_710430520582581_5124786679476539830_n.jpg (26 KB)

Հնարավո՞ր է ձեր վավերագրերը մի օր գրքին հանձնեք:

Անշուշտ, ես այնքան ասելիք ունեմ լսարանին: Ու ես վաղուց եմ նախատեսել, որ պետք է զոհված տղաների մասին գիրք գրեմ, առանձին գիրք էլ հատկացնելու եմ Արցախի Հյուսիսարևելյան առաջնագծին, որի հետ կապված բազմաթիվ հուշեր և լուսանկարներ ունեմ:

Շրջափակումից և տեղահանումից հետո ինչպե՞ս հարմարվեցիք հայաստանյան կյանքին:

Իմ կյանքի ամենադաժան օրերից մեկը Մարտակերտին հրաժեշտ տալու  օրն էր: Հայրենիք ենք կորցրել, սեփական տուն, ու այն ամենը ինչ ունեի… Մարտակերտում եմ թողել նաև իմ շնիկներին, որոնց մեր տան մի անդամն էինք համարում, մինչև այժմ խոր ցավ եմ ապրում և  աչքիս առաջ են: Մյուս դաժան օրը Արցախին հրաժեշտ տալու օրն էր, երբ անցա Հակարի կամուրջը… Սարսափելի էր այդ դրվագն ինձ համար:

395597521_3319507301674355_4133347374238185339_n.jpg (35 KB)

Մինչև այժմ չեմ հարմարվել Արցախի կորստի հետ, կարծես երազում լինեմ, մտածում եմ՝ միևնույն է գնալու ենք Արցախ:

Անասելի ցավի և կորստի պայմաններում ինչպե՞ս եք փորձում պահպանել սեփական ներքին հավասարակշռությունը և ներդաշնակությունը:

Հավասարակշռությունս ու ներդաշնակությունս տարբեր իրավիճակներում միշտ ձգտել եմ պահպանել: Միաժամանակ այն կարծիքին եմ, որ  կարծես կրկին ապրելու ենք մեր Արցախում, մեր Հայրենիքում…

395808933_1413349369602747_6252370279965128558_n.jpg (24 KB)

Ի՞նչն է ձեզ մոտիվացնում այս պայմաններում ևս շարունակել գրել, ստեղծագործել:

Կարոտը… Հայրենիքի հանդեպ, Հայոց բանակի հանդեպ, այն ամենի հանդեպ, որը մնաց Արցախում: Արցախս շատ եմ կարոտել…

Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ