Թուրքիայի անվտանգության ուժերը ջրցան մեքենաներ են կիրառել Ադանա նահանգում պաղեստինամետ ցուցարարների դեմ, երբ նրանք փորձել են մոտենալ Ինջիրլիք բազային, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ականատեսը։

«Հանրահավաքը խաղաղ էր անցնում, այն վերջին փուլն էր «Անկախություն Պաղեստինի համար» ավտոշարասյան երթուղու, որը մեկնարկել էր հինգշաբթի Ստամբուլից։ Երթը կազմակերպել էր Թուրքիայի Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և մարդասիրական օգնության հիմնադրամը։ Հանրահավաքի ավարտից հետո կազմակերպիչները կոչ արեցին  բոլորին ցրվել, սակայն ոմանք որոշեցին շարժվել դեպի Ինջիրլիք բազա։ Նրանց դեմ կիրառվեցին  ջրցան մեքենաներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իսրայելից հետ է կանչում իր դեսպանին Գազայի հատվածում այս երկրի գործողության հետ կապված խորհրդակցությունների համար։