Հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի ջազ-քառյակը այսուհետ կկոչվի «Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակ»: 

Քառյակի համերգով սկիզբ է դրվել նոր պայմանագրային համագործակցության` ամիսը երկու անգամ մանկավարժական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հնարավորություն կունենա ունկնդրելու ՀՊՄՀ-ի Գարի Քյոսայանի ջազ-քառյակի համերգները:

«Ստանալով համագործակցության առաջարկ` համաձայնեցի, քանի որ այս համալսարանում տեսնում են պոտենցիալ եւ շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Կարծում եմ, կստանանք ցանկալի արդյունք. ուսանողներից ոմանք նաեւ կընդգրկվեն մեր խմբում»,- ասել է Գարի Քյոսայանը:

Խոսելով դասական երաժշտության եւ հատկապես ջազի մասին Քյոսայանն ընդգծել է. «Հայաստանում չի պրորպագանդվում բարձրաճաշակ երաժշտությունը: Դրա փոխարեն հեռուստաեթերից հնչում է անմակարդակ, ռաբիս եւ անորակ երաժշտություն: Դա հայ ժողովրդի հանդեպ թշնամություն է, մեր երիտասարդությունը պահանջ ունի լավ երաժշտության»:

Կարեւորելով բուհի մանկավարժական կադրեր պատրաստելու առաքելությունը` Գարի Քյոսայանն ավելացրել է. «Ապագա մանկավարժները շատ կարեւոր գործ են անում, ես կցանկանայի, որ նրանք նախեւառաջ լինեին շատ գրագետ եւ հետագայում յուրաքանչյուր երեխայի դաստիարակեն ինչպես սեփականին»:

Այս անգամ համերգի հյուրերն էին փորձի փոխանակման եւ համագործակցության շրջանակներում արդեն մեկ շաբաթ մանկավարժական համալսարանում գտնվող Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի 11 փորձագետներ: