Քիշնևում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը կեսօրվա դրությամբ կազմել է 25,01%, ուստի դրանք կարելի է վավեր համարել։ Այս մասին հայտնում է Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։
Մոլդովայի բնակիչները պետք է ընտրեն մոտ 900 քաղաքապետների և գյուղական վարչակազմերի ղեկավարների, ինչպես նաև տեղական (քաղաքային, շրջանային, գյուղական) խորհուրդների ավելի քան 11 հազար պատգամավորների։ Ավագանու անդամներն ընտրվում են ընտրությունների մեկ փուլով։ Քաղաքապետի թեկնածուները կարող են անցնել երկրորդ փուլ, եթե նրանցից ոչ մեկը չկարողանա հավաքել ձայների 50%-ից ավելին առաջին փուլում։ Առանցքային պայքարը ծավալվելու է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի և մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Բելցիի քաղաքապետերի աթոռների համար։ Քիշնևում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 28 մարդ՝ սա պատմական ռեկորդ է։





























