Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Սայաթ Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Lexus և BMW մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Akura և Nissan Altima մակնիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: 

Բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են աջակողմյան հատվածի երթևեկելի գոտում: 

Փրկարարկները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում  են վարորդների և վիրավորների ինքնությունը: